Հայաստանում ոսկերչական ոլորտի ներկայացուցիչների մեծ մասը չի հավատում ապահովագրության անհրաժեշտությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը:
Նա հավելեց, որ արեւմտյան երկրներում իրավիճակն այլ է. եթե այնտեղ որեւէ մեկը հարցնի, արդյո՞ք ոսկերչական ոլորտն ապահովագրության կարիք ունի, ամենայն հավանականությամբ, պատասխանը երկարատեւ բարձրաձայն ծիծաղը կլինի: «Իսկ մեզ մոտ, կարծես, ոսկերչական ոլորտի ապահովագրության անհրաժեշտությանը միայն ես եմ հավատում»,- նշեց Ալթունյանը՝ հավելելով, որ հանրապետությունում ոսկերչական ապրանքների փոխադրման զգալի մասը նույնպես ապահովագրված չէ:
Հանրապետության երկու խոշորագույն ոսկերչական ձեռնարկություններից մեկն ընկերության մշտական հաճախորդն է, մյուսի հետ «ընկերություն են անում, բայց վաղուց չեն աշխատում»:



























