ՀՀ դրամի փոխարժեքի նվազումը անվերահսկելի գնաճի չի հանգեցնի, նոյեմբերի 25-ին լրագրողներին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Ըստ նրա՝ ԿԲ-ն չի փոխել գնաճի կանխատեսումները, որոնք մեկ շաբաթ առաջ հրապարակվել էին առաջիկա երեք տարվա վերլուծության մեջ: «Մեր գնահատականները չեն փոխվի: Այս տարի մենք 4%-ից ցածր գնաճ ենք ակնկալում, ապագայում՝ 4 +/- 1,5%-ի սահմաններում», - նշել է Երիցյանը:
Նա նշել է, որ դոլարի համեմատ դրամի փոխարժեքի նվազումը նշանակում է, որ արժույթում եկամուտները կավելանան դրամական արտահայտմամբ: Սա ձեռնտու է արտահանողներին եւ արտասահմանից դրամական փոխանցումներ ստացողներին:
Ինչ վերաբերում է ներկրված ապրանքներին, դրանց գների աճը հերքել չի կարելի, սակայն ընդհանուր գնաճային ֆոնին այն կրիտիկական չի լինի: «Ընդհանուր գնաճը, ինչպես նշեցի, պետք է 4%-ից ցածր լինի: Նաեւ այն պատճառով, որ միջազգային շուկայի վերջին գործընթացները իրենց հետ բերում են գնաճային ցածր ֆոն», - հավելել է Երիցյանը:
Հիշեցնենք, ԱՄՆ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 24 –ին կազմել էր 435 դրամ՝ մեկ օրում ավելանալով 16 դրամով: Սա չտեսնված աճ էր 2009թ. մարտից հետո:



























