Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացում երկրի մաքսային շահերը հաշվի են առնվել: Այս մասին նոյեմբերի 26-ին խորհրդարանի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Ըստ նրա՝ մոտ 750 ապրանքների ցանկը, որոնց համար  երկիրը ժամանակավորապես կազատվի մաքսատուրքերից, մնում է անփոփոխ: Այդ ապրանքների համար մաքսատուրքերը չեն բարձրանա, եւ կգործեն Հայաստանում ընդունված մաքսատուրքերը: Դրանք հիմնականում սոցիալական կարեւոր ապրանքներ են (շաքար, բրինձ, միս, դեղորայք, ավտոմեքենաներ եւ այլն):

«Եթե ապագայում որեւէ մեկը բարձրացնի ցուցակի փոփոխման հարցը, կպահանջվի որոշում մշակել, որը կվավերացվի անդամ երկրների խորհրդարաններում: Ինչպես հասկանում եք, գործնականում դա հազիվ թե տեղի ունենա, այդ պատճառով հայկական բիզնեսի խաղի կանոնները չեն փոխվի», - նշել է Կարայանը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում սպասվում է դեկտեմբերին: Ակնկալվում է, որ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա 2015թ. հունվարի 1-ից: