Տնային կալանքի տակ գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մեկ շաբաթ ստացիոնար բուժում է ստացել: NEWS.am-ի հետ զրույցում գործարարի անձնական բժիշկ, նյարդաբան Հենրի Բակունցը հայտնեց, որ Հայրապետյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն ամեն օր պետք է բուժման կուրսեր անցնի:

«Վիճակը բարելավել է, կայունացել է, սակայն նորմալ գնահատել չենք կարող, քանի որ նման հիվանդների համար հիվանդանոցային ռեժիմը պարտադիր է: Ես պայմանավորվել եմ տեղի բժիշկների հետ, որ որոշ ժամանակ անց կրկնեն այդ կուրսը»,- ասաց Հենրի Բակունցը:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի քաղցկեղ: Բակունցն ընդգծեց, որ այս պահին Հայրապետյանի վիճակի անկայուն լինելը ինսուլտի հետեւանքներն են:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։