Եղվարդի մանկապարտեզի հոսպիտալացված սաների մոտ հայտնաբերվել է շիգելլա հարուցիչ՝ դիզենտերիա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

Նա նշեց, որ երեք երեխայի կղանքից հայտնաբերվել է շիգելլա հարուցիչ, որը աղիքային հիվանդություն է: Տեսչության պետն ասաց, որ իրավիճակն արդեն հանգիստ է, հոսպիտալացումները ավարտվել են, իսկ երկու օրից էլ պարզ կլինեն լաբորատոր հետազոտությունների պատասխանները:

«Նախնական վարկածով՝ թունավորումը սննդային գործով է պայմանավորված, բայց չեմ կարծում, որ պատճառը սնուդն է: Իմ անձնական կարծիքով՝  երկրորդային աղտոտվածություն է պատճառը, ոչ հիգիենիկ պայմանները, այսինքն՝  չեմ կարծում, որ կոնկրետ սննդամթերքից լինի, հնարավոր է սնունդը նորմալ վիճակում գալիս է, պատրաստման ընթացքում երկրորդային աղտոտվածության է ենթարկվում, օրինակ՝ բերողը բացիլակիր է լինում կամ սեղանը աղտոտված է եղել»,-ասաց Արտավազդ Վանյանը:

Տեսչության պետը շեշտեց, որ տեղի ունեցածը սննդային թունավորում որակելու համար հիմք են հանդիսանում մի շարք հանգամանքներ՝ միամոմենտ հիվանդացությունը, սկզբնական ծանր վիճակը, երեխաների մոտ առկա նույն ախտանիշները՝ լուծ, սրտխառնոց, փսխում, ջերմություն: Եթե նրանց մոտ վիրուս լիներ, նրա փոխանցմամբ, այլ կլինիկական նշաններ կհայտնաբերվեին: Արտավազդ Վանյանը նկատեց նաեւ, որ թունավորումը եղել է օրեր առաջ, պարզապես հիվանդությունը ունեցել է գաղտնի շրջան, բարձր իմունիտետ ունեցող երեխաները ավելի թեթեւ են տարել:

Նա նշեց, որ մանկապարտեզը Եղվարդի միակ մանկապարտեզն է, որն ունի 448 սան, վերանորոգված է, մասնագետները նմուշառում են վերցրել սպասքեղենից, իրենց այցի ժամանակ ամեն ինչ նորմալ էր: Լաբորատոր փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը աղտահանելու է մանկապարտեզը, այնուհետեւ կազմակերպելու է ուսուցում մինչեւ նորմալ աշխատանքային գրաֆիկի անցնելը:  Արտավազդ Վանյանը շեշտեց, որ եթե մինիմալ հիգիենիկ պայմանները պահպանվեին, նման խնդիր չէր առաջանա: Ի դեպ, նմանատիպ դեպք արձանագրվել էր մոտ 3 տարի առաջ Սիսիանում:

Նշենք, որ Եղվարդում վերջին տվյալներով հոսպիտալացվել է 54 երեխա՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ, որոնց մի մասն արդեն դուրս է գրվել։ Բոլորն էլ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաներն են։ Կոտայքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ժամանակավորապես կասեցվել մանկապարտեզի գործունեությունը, փորձանմուշներ են վերցվել ինչպես օրվա ճաշատեսակից, այնպես էլ պահեստավորված սննդից, միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների թունավորման աղբյուրը: