Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կայացան: Այս մասին հայտարարել է երկրի ԿԸՀ նախագահ Յուրի Չոկանը: Հանձնաժողովի տվյալներով, մասնակցությունն ավելի քան 39% է եղել: Օրենքի համաձայն, ընտրությունները կայացած համարելու համար հարկավոր է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն մեկ երրորդի մասնակցությունը:
«Ժամը 15:30-ի տվյալներով, ամբողջ երկրում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 39.2%-ը: Ելնելով այս տվյալներից՝ կարող եմ ասել, որ Մոլդովայում ընտրությունները կայացան»,- տեղեկացրել է Չոկանը: Ըստ ՏԱՍՍ գործակալության, նա ասել է, որ ընտրացուցակներում ավելի քան 2.8 մլն քաղաքացի է ընդգրկված եղել:
Ավելի վաղ ԿԸՀ ղեկավարը տեղեկացրել էր ձայների հաշվարկում խափանումների մասին: Մասնավորապես, մի քանի ընտրատեղամասեր համացանցին միացված չեն եղել:
Նոյեմբերի 30-ին Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում: Հիմնական պայքարն ընթանում էր ներկայում եվրոպամետ դաշինք կազմած իշխող քաղաքական ուժերի (լիբերալ-դեմոկրատներ, դեմոկրատներ եւ լիբերալներ) եւ ընդդիմադիր ձախ կուսակցությունների (կոմունիստներ եւ սոցիալիստներ) միջեւ, որոնք հանդես են գալիս եվրասիական ինտեգրման օգտին:
Ընտրությունների առաջին արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակումից մեկ ժամ անց, տեղական ժամանակով՝ ժամը 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին):




























