Ռուսաստանցիների մեկ երրորդը (31%) կարծում է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սառը պատերազմը կարող է վերսկսվել, մեկ քառորդ մասի կարծիքով էլ (25%) այն արդեն սկսվել է: Նման զարգացումն անհավանական կամ քիչ հավանական է համարում ռուսաստանցիների 35%-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ուսումնասիրությունը:
Սոցիոլոգները նշում են, որ վերջին ժամանակներս հասարակության մեջ աճել են սառը պատերազմի սկսվելու մտավախությունները: Այսպես կոչված «սառը պատերազմի ինդեքսը» նոյեմբերին աճել է մինչեւ 70 միավորի: Մարտին այն կազմում էր 36 միավոր, իսկ 2013 թ. փետրվարին՝ մինուս 10: Հնարավոր սառը պատերազմի պատճառը պատասխանողների 23%-ը համարում են այն, որ պատերազմը հրահրում են Ամերիկան եւ Եվրոպան: 15 տոկոսը կարծում է, որ դրան հանգեցնոմ են իրադարձությունները, իսկ 12%-ը վստահ է, որ դրա մեղավորը պատժամիջոցներն են: Իսկ սառը պատերազմն անհավանական համարողները հավատում են, որ ՌԴ նախագահը եւ կառավարությունը դա թույլ չեն տա (20%), 13%-ը կարծում է, որ այն տնտեսապես ոչ ոքի ձեռնտու չէ, եւ բոլոր հակասությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ՝ ՌԴ 46 սուբյեկտներում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջին ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը հայտարարել էր, որ այժմ չկա այն սառը պատերազմը, որը կար մինչեւ 1989., սակայն մենք այն կարող ենք ունենալ:
ԵԽ գլխավոր քարտուղարը չի բացառում նոր սառը պատերազմի հավանականությունը
ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ սառը պատերազմը ՝ երկու գերտերությունների դաշնակիցների մասնակցությամբ, սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 1945 թ., ավարտվել 1991 թ.՝ ԽՍՀՄ-ի փլուզմամբ:




























