Լեռնային Ղարաբաղի «փափուկ» դիվանագիտությունը գայթակղում է ֆրանսիացի քաղաքական գործիչներին: Այս մասին գրում է ֆրանսիական «Էքսպերս» թերթը՝ անդրադառնալով ԼՂ խնդրին:

Ստորեւ ներկայացնում ենք թերթում հրապարակված Յաել Շտրոմֆելդի հոդվածը:

«Իրականացնելով «փափուկ ուժի» մի յուրօրինակ դիվանագիտություն՝ Հարավային Կովկասի ամենափոքր հանրապետությունը կարողանում է ձեռք բերել տարածաշրջանում բարի նախանձ առաջացնող վստահելի Պետության համբավ:  Դրա վերջին ինքնակամ զոհերը Բուրգ լե Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուրիեն եւ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնն են:

Մարլեն Մուրիեն, անկեղծ ժպիտը դեմքին, իջնում է Գանձասարի վանքի ճանապարհով: Հոկտեմբեր ամսվա սկզբին Հարավային Կովկասը համակված է աշնանային մեղմ  ջերմությամբ: Մոլախոտերով լի քարքարոտ արահետին, որն ամբողջովին տարբերվում է քիչ առաջ այցելած կառույցը շրջապատող կոկիկ գազոնից, նա, կարծես թե, արդեն պարզորեն տեսնում է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական այս կարեւոր վայրում երկրի իշխանությունների կողմից ստեղծվելիք ապագա հայկական ձեռագրերի թանգարանի եւ Բուրգ լե Վալանս քաղաքի միջեւ մշակութային համագործակցության եզրերը:

Նախօրեին Մարլեն Մուրիեն Բարեկամության հռչակագիր էր ստորագրել մոտակա Շուշի քաղաքի հետ, այդպիսով պաշտոնական մակարդակ հաղորդելով ղարաբաղյան ինքնությունը խորհրդանշող այդ քաղաքի  եւ ծագումով հայ մեծաքանակ բնակչություն ունեցող Բուրգ լե Վալանսի միջեւ արդեն գոյություն ունեցող համագործակցությանը: «Այս նախաձեռնության անհրաժեշտությունն ինձ համար ակնհայտ էր», - ասում է քաղաքական այս աշխույժ գործիչը, ով ավելացնում է նաեւ, որ «դեռեւս վեց տարի առաջ» նա այս հարցով մի առաջարկ արել էր, երբ ընդդիմության շարքերում եր: Հարցին, թե ինչն է նրան դրդել նման նախաձեռնություն ունենալու համար, վերջինս կարեւորում է Բուրգ լե Վալանսի ծագումով հայ ֆրանսիացիների «քաղաքական եւ տնտեսական կշիռը», նրանց «քաղաքացիական ակտիվությունը», բայց նաեւ Լեռնային Ղարաբաղի օրինակելիությունը:

Քանզի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գտնվող այս փոքրիկ հանրապետությունը դեռ չի ճանաչվել ՄԱԿ-ի կողմից, դա չի խանգարում, որպեսզի վերջինս ակնհայտ կերպով կամովի ամրապնդի սեփական Պետության հաստատությունները: «Բուրգ լե Վալանսն արդեն քույր քաղաք է հանդիսանում Հայաստանի Թալին քաղաքի հետ, բայց Լեռնային Ղարաբաղում առկա է լիահույս այն խանդավառությունը, որ բնութագրում է կայացման գործընթաց ապրող Պետություններին: Ղարաբաղցիների՝ սեփական քաղաքական հաստատություններին այդքան մոտ կանգնած լինելը եւ վերջիններիս սատարելը բավականին եզակի է աշխարհում », - ասում է Մարլեն Մուրիեն: Իսկ իր հասցեին հնչող կլեանտելիզի մեղադրանքին, Մարլեն Մուրիեն պատասխանում է՝ օրինակ բերելով Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը, որին վերջինս անդամակցում է եւ որը ներառում է բամաթիվ ֆրանսիացի քաղաքական գործիչների, ուր ծագումով հայեր չկան ամենեւին:  Այս համատեքստում նա վկայակոչում է ԱԺ պատգամավոր Առլետ Գրոսկոստին՝ ընտրված  Բարձր Հռենոսի շրջանից կամ սենատոր եւ Կոմպիեյն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Մարինիին:

Բանը նրանում է, որ պաշտոնական Ստեփանակերտը ակտիվ դիվանագիտություն է իրականացնում Ֆրանսիայում, բայց նաեւ Միացյալ Նահանգներում եւ այլ խոշոր զարգացած երկրներում: Նպատակը հստակ է. երկիրը դուրս բերել միջազգային մեկուսացումից:   Մեկուսացում, որ փորձում է պարտադրվել քսաներկու տարի առաջ ավարտված հակամարտությունում պարտված նախկին գաղութատեր Ադրբեջանի կողմից:

Պաշտոնական Բաքուն ցայսօր համառորեն հրաժարվում է ուղղակի բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, ինչն էլ խոչընդոտում է կնքել վերջնական խաղաղության պայմանագիր եւ բնականոն զարգացում ապահովել ժողովրդավարական արժեքներ կրող երկրում:

«Ղարաբաղյան դիվանագիտության այս հաջողությունը բացատրվում է իրողության սկզբունքով», - ասում է քաղաքական վերլուծաբան Լորան Լեյլեկյանը: «Խոսքը գնում է մի ազգի մասին, որ կազմավորվել է Պետության շրջանակում, ուր առկա են բազմակուսակցական քաղաքական իրողությունն ու Պետությանը բնորոշ բոլոր հատկանիշները»: Ինչն էլ դրդում է ֆրանսիացի քաղաքական գործիչներին միջազգային հարաբերություն հաստատել ներկայանալի այս երկրի հետ:

Փափուկ այս դիվանագիտության կարեւոր բաղկացուցիչն է 2013 թ. մարտին ստեղծված Ֆրանսիա Ղարաբաղ Բարեկամության շրջանակը, որն արդեն համախմբում է երեսունից ավել ֆրանսիացի խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների: Այն գործում է որպես արտախորհրդարանական Բարեկամության խումբ՝ սպասելով ներխորհրդարանական  կառույցի ստեղծմանը, երբ պաշտոնական Փարիզը կճանաչի Լեռնային Ղարաբաղը: «Շրջանակը բավականին աշխույժ է, բացի այդ այն միակուսակցական կառույց չէ, քանի որ վերջինիս համանախագահներն են կենտրոնամետ Ֆրանսուա Ռոշբլուանը, սոցիալիստ Ռենե Ռուքեն եւ աջակողմ պատգամավոր Գի Տեսիեն:  Նույնիսկ մի տեսակ մրցակցություն կա ֆրանսիացի քաղաքական գործիչների միջեւ այս կառույցին անդամակցելու համար»-վերլուծում է Լորան Լեյլեկյանը:

Տեսակետ, որը չի ժխտի Վալանս քաղաքի երիտասարդ նորընտիր քաղաքապետ Նիկոլա Դարագոնը: Պարոն Դարագոնը նոր է որոշել անդամակցել բարեկամության Շրջանակին: «Շրջանակն իրենից ներկայացնում է քաղաքացիական եւ թափանցիկ նախաձեռնություն, որը տարբերվում է գաղտնապահ դիվանագիտությունից», - ասում է նա՝ նշելով, որ իր որոշումը «նպատակ ունի ամրապնդել վստահությունը ժողովուրդների միջեւ»: «Չենք կարող հավակնել խաղաղություն եւ ժողովրդավարություն հաստատել, առանց երկխոսություն ծավալելու շահագրգիռ բնակչությունների հետ: Տեսեք Սիրիան, տեսեք Լիբիան. սրանք աղետալի իրավիճակներ են, որ ստեղծվում են այն ժամանակ, երբ արեւմտյան դիվանագետները լուծման ծրագրեր են մշակում, որոնք չեն համապատասխանում տեղի իրականությանը»:

Նոյեմբեր ամսվա կեսին Նիկոլա Դարագոնը հայտարարել էր ավելի հեռու գնացող իր մտադրության մասին. Բարեկամության հռչակագիր ստորագրել  Վալանսի եւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի միջեւ: «Դա իսկապես կարեւոր է մեզ համար, քանի որ Բարեկամության այս հռչակագրերը մեր երկրի ու մեր ժողովրդի համար աշխարհի հետ կապ հանդիսացող ուղիներ են», - ասում է Լեռնային Ղարաբաղի մշակույթի եւ երիտասարդության Նախարար Նարինե Աղաբալյանը, ով Ֆրանսիա է ժամանել մեկ այլ հռչակագիր՝ Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիչարդ Մալիեի հետ ստորագրելու համար: Նախարարը բերում է նաեւ Կալիֆորնիայի Բուրբանկ քաղաքի օրինակը, որը նույնպես ղարաբաղյան մի համայնքի հետ քույր քաղաք է դարձել:

Կարծիք, որ կիսում է Վիենի  նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիլյեն, որը նույնպես այս տարվա փետրվարին ստորագրել է նման մի հռչակագիր Լեռնային Ղարաբաղի մեկ այլ քաղաքի՝ Հադրութի հետ: «Բոլորիս համար կարեւոր են այս հռչակագրերը, քանի որ բարեկամական կապերի հետեւում կան նաեւ ձեւավորվող տնտեսական հարաբերություններ», - ասում է նա: «Լեռնային Ղարաբաղի բարգավաճումն ապահովելը, դրա հետ մեկտեղ նաեւ մեր երկրինը, նշանակում է պայքարել հուսահատության, արմատականության եւ այդպիսով պատերազմի դեմ: Այս դրական մոտեցումը պետք է, սկզբունքորեն, աջակցություն ստանա  բոլորի կողմից»: