Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած պետական այցի արդյունքներով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ դեկտեմբերի 1-ին 8 համատեղ փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության մասին:
Մասնավորապես, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, «Գազպրոմ»-ն ու «BOTAS»-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, իսկ երկու երկրների էներգետիկայի նախարարները՝ առեւտրա-տնտեսական համագործակցության ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 13-րդ նիստի արձանագրությունը:
Բացի այդ, ըստ ՏԱՍՍ գործակալության, Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության «Ռուսական էներգետիկ գործակալության» եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության միջեւ էներգաարդյունավետության, էներգամատակարարման եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտներում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
«Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն եւ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը ստորագրություններով ամրագրել են ատոմային բնագավառում եւ հարակից ոլորտներում կադրերի պատրաստման շուրջ փոխըմբռնման հուշագիրը:



























