Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են «Գազպրոմի» կողմից «Երկնագույն հոսք» գազատարի հզորության ընդլայնման մասին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին դեկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Թուրքական տնտեսության կողմից էներգառեսուրսների աճող պահանջարկը բավարարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գազպրոմի» կողմից «Երկնագույն հոսք» գազատարի հզորության ընդլայնման մասին»,- նշել է Ռուսաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկել է Ռուսաստանի նախագահի պետական այցը Թուրքիա: Այցի շրջանակում կայացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների դռնփակ հանդիպումը, որից հետո նեղ շրջանակով սկսվել է Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ բարձր մակարդակի համագործակցության Խորհրդի 5-րդ նիստը: Դրա արդյունքներով ութ համատեղ փաստաթուղթ է ստորագրվել:



























