Ռուսաստանը Թուրքիային մատակարարվող գազի ծավալը տարեկան կավելացնի 3 մլրդ խորանարդ մետրով: Այս մասին դեկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր թուրք ընկերների խնդրանքով, առաջիկայում թուրքական շուկային մատակարարվող գազի ծավալները կավելացնենք 3 մլրդ խորանարդ մետրով»,- Պուտինի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող շարունակել իրականացնել «Հարավային հոսք» նախագիծը: «Հաշվի առնելով, որ մենք մինչեւ հիմա չենք ստացել Բուլղարիայի թույլտվությունը, կարծում ենք, որ Ռուսաստանն այդ պայմաններում չի կարող շարունակել այդ ծրագրի իրականացումը: Մենք չենք կարող Սեւ ծովում շինարարություն սկսել այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել Բուլղարիայի թույլտվությունը»,- պարզաբանել է նա:
Վլադիմիր Պուտինը, միաժամանակ, ընդգծել է, որ «Հարավային հոսք»-ի աշխատանքների ուղղությամբ Ռուսաստանում ամեն ինչ պատրաստ էր:



























