NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Լիլի Խասինտոյի հոդվածը, որը տպագրվել է «France 24» կայքում.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնի է իր խոսքաշատությամբ: Նա փոքր-ինչ բութ եւ արագ բռնկվող է, օրինակ՝ աղմուկ է բարձրացնում միջազգային գագաթաժողովներում եւ կշտամբում սիրիական ճգնաժամում ամերիկյան «հանդգնությունը»:
Սակայն երկուշաբթի, երբ թուրք Հերկուլեսը նախագահական պալատում ողջունեց ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին, նրա հայտնի դյուրաբորբոքության հետքն էլ չկար: Նույնը եւ Պուտինը՝ ռուսական հետախուզության նախկին պետը, չդրսեւորեց ձանձրացող տղայի վիրավորական մեծամտությունը, որը վերջերս նկատվել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը:
Թուրքիան ԵՄ է ձգտում, բայց առայժմ լիիրավ անդամ չէ, ինչը այն չի վերածում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների գոտու: Սակայն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները բանակցությունների օրակարգում չէին: Երկու երկրների առաջնորդները հանդիպել էին «բիզնես օրակարգով»: Թուրքիան եւ Ռուսաստանը առեւտրային խոշոր գործընկերներ են, նրանք հաստատել են երկկողմ առեւտրաշրջանառությունը 33 միլիարդից 100 միլիարդ դոլարի հասցնելու ցանկությունը:
Բանն այն է, որ տարածաշրջանային դաշնակիցների եւ անգամ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կոշտ խոսելով հայտնի Էրդողանի ծնկները թուլանում են, երբ գործը հասնում է էներգիայով հարուստ, ռազմական առումով հզոր երկրին:
«The Atlantic» ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածում Վաշինգթոնի մերձավորարեւելյան քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սոներ Չագափթայը գրել էր, որ «Թուրքիան ոչ մի երկրից այդքան չի վախենում, որքան Ռուսաստանից»: Պատմական ակնարկ կատարելով երկու երկրների հարաբերություններին՝ 1568թ.-ից ի վեր, երբ թուրքերն ու ռուսներն առաջին անգամ բախվեցին, Չագափթայը նշել է, որ չորս դարերի ընթացքում երկու կայսրությունները 17 պատերազմ են մղել: «Դրանցից յուրաքանչյուրում Ռուսաստանն է եղել նախաձեռնողն ու հաղթողը»,- ընդգծել է նա:
Այս վերջին հանդիպմանը Թուրքիան զգալի տնտեսական օգուտ քաղեց էներգետիկ ոլորտում, այն ժամանակ, երբ առավել մեկուսացված Մոսկվան շուկա է որոնում ԵՄ սահմաններից դուրս: Բայց դա անելով Էրդողանը հարուցել է Վաշինգթոնի եւ եվրոպական մայրաքաղաքների վրդովմունքը առ այն, որ Թուրքիան երկերեսանի դաշնակից է:




























