Այն խոսակցությունները, թե Վրաստանը պատրաստվում է Հյուսիս-Հարավ գազատարի իր երկրի տարածքով անցնող հատվածը (Մոզդոկից մինչեւ Հայաստանի սահմանը) մասնավորեցնել, իրավամբ անհանգստություն է առաջացրել Հայաստանում: Սակայն, չգիտես ինչու, մերոնք ենթադրել են, որ գազատարի գնորդը անպայման լինելու է Ադրբեջանը: Նման ենթադրությունների համար որեւէ հիմք չկա, բացի նրանից, որ 2008 թ. Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրով Վրաստանի համարյա ողջ գազատրանսպորտային համակարգը 5 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեց Ադրբեջանի նավթային ընկերությանը:

Իրականում գազատարի ձեռքբերման գործում կան շատ ավելի ազդեցիկ կողմեր, որոնցից մեկը ռուսական «Գազպրոմն» է: Այս ընկերությունը 2005 -2006 թ.թ. մի քանի անգամ ցանկություն է հայտնել գնելու մայրուղային գազատարը, ու շատ մոտ էր հաջողությանը, սակայն գործարքին խոչընդոտեցին ամերիկացիները:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեռ 2005 թ. փետրվարին հայտարարեց, որ բանակցություններ են տարվում մայրուղային գազատարի մասնավորեցման շուրջ: Այդ հայտարարությունից հետո ԱՄՆ-ը կոչ արեց Վրաստանին` զգուշություն ցուցաբերել վերջնական որոշում ընդունելիս, որպեսզի չմեծանա Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Չնայած նախապես չէր հայտարարվել, թե գազատարն ում է վաճառվելու, ԱՄՆ-ի նման արձագանքը վկայում է այն մասին, որ հավանական գնորդը պետք է լիներ «Գազպրոմը»: Որպեսզի թեման վերջնականապես հանվի օրակարգից, ամերիկյան կողմը դիմեց մեծն դոլարի օգնությանը: ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակներում կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ ԱՄՆ-ը պատրաստակամություն հայտնեց 295.3 մլն դոլար օգնություն տրամադրել Վրաստանին: Այդ գումարների մի մասը պետք է ծախսվեր մայրուղային գազատարի վերանորոգման նպատակով՝ պայմանով, որ Վրաստանի Միջազգային գազային կորպորացիան, որը փաստացի տնօրինում է գազատարը, որեւէ ձեւով չի մասնավորեցնի այն: Հատուկ վերապահում էր արված, որ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը մասնավորեցման դեպքում պետք է գրավոր համաձայնություն տա: Համաձայնագրի հոդվածներով` եթե Վրաստանը մասնավորեցնի գազատարը, ապա պետք է Հիմնադրամին վերադարձնի վերանորոգման համար ծախսած գումարները, բացի այդ՝ «Հազարամյակի մարտահրավերները» իրեն իրավունք է վերապահում սառեցնել ֆինանսավորման ենթակա մյուս ծրագրերը:

221 կմ-անոց գազատարի 22 հատվածների վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2010 թ. փետրվարին, ընդհանուր առմամբ ծախսվել է 35 մլն դոլար:

Այսպիսով` ինչպես տեսնում ենք, գազատարի վաճառքի հարցը ի սկզբանե շոշափել է գերտերությունների շահերը, ուստի քիչ հավանական է, որ Ադրբեջանը կարողանա խցկվել ռուս-ամերիկյան հակասությունների հորձանուտը` իզուր տեղը թշնամանալով Կրեմլի հետ: Քիչ հավանական է, որ գազատարի վաճառքը կապված լինի տարածաշրջանում քաղաքական շահեր հետապնդող երկրների մտադրությունների հետ` ոչ Իրանի, ոչ էլ Թուրքիայի համար այդ գազատարը տնտեսական նշանակություն չունի, ու դա չէ այն գործոնը, որով նրանք պետք է ձգտեն հակակշռել Ռուսաստանին: Եթե հարցը վերաբերեր միայն Հայաստանի վրա ազդեցությունների ապահովմանը, ապա եւ Անկարային, եւ Թեհրանին կարելի էր փնտրել գնորդների թվում, բայց հազիվ թե այդ երկրները ցանկանան նման միջոցներով սեպ խրել Ռուսաստանի հետ հարաբերություններում` չունենալով որեւէ տնտեսական օգուտ: Ի դեպ` վրացական ընդդիմության մտավախությունը նույնպես այն է, որ գազատարի բաժնետոմսերի գնմանը կմասնակցի միայն Ռուսաստանը:

Հնարավոր է, որ գազատարի բաժնետոմսերի գնորդը հանդիսանա ոչ ռուսական կազմակերպություն: Մասնավորապես` տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ գազատարը գնել ցանկանում է Ղազախստանի խոշորագույն նավթային կորպորացիան` «Կազմունայգազը», որն իր հերթին սերտորեն կապված է ռուսական նավթագազային ընկերությունների հետ: Հիշեցնենք, որ ղազախական այդ ընկերությունը Վրաստանում արդեն ակտիվներ ունի։ Դա Բաթումի նավթային տերմինալն է, որից օգտվում են նաեւ հայկական ընկերությունները: Սակայն առավել հավանական է, որ գազատարով շահագրգռված է ռուս-ղազախական «ԿազՌոսգազ» ընկերությունը, որը ուսումնասիրում է դեպի Վրաստան ղազախական գազ մատակարարելու հնարավորությունները, որի նախաձեռնությունը, ի դեպ, Վրաստանինն է: Այս տարբերակը նույնիսկ Հայաստանի համար ձեռնտու է, քանի որ թուլանում է Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից:

Հարկ է հաշվի առնել նաեւ, որ Լոնդոնի բորսայում բաժնետոմսերի ազատ շրջանառության դեպքում անհնար է ստույգությամբ գուշակել, թե հատկապես ում ձեռքում կհայտնվեն բաժնետոմսերը:

Ալեքսանդր Արամյան