Պարոն Ասատրյան, տնտեսության անկումը հասել է 16,3 տոկոսի: Ձեր կանխատեսմամբ՝ մինչեւ ո՞ւր կարող է այն հասնել տարեվերջին:

Կարծում եմ եւ հույս ունեմ, որ անկման հատակին մենք արդեն հասել ենք, եւ, իմ կանխատեսումներով, մինչեւ տարեվերջ ցուցանիշները մի փոքր ավելի բարվոք կլինեն: Տնտեսական անկումը տարվա արդյունքներով կկազմի 12-ից 13 տոկոս: Սակայն հարկ է արձանագրել, որ ոգեվորվելու որեւէ առիթ չկա: Անկման ծավալների ակնկալվող նվազումը հիմնականում պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ անցած տարեվերջը, մասնավորապես վերջին եռամսյակը մեր տնտեսության համար եղել է շատ վատ: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ տնտեսական անկումը կազմեց 20 տոկոս: Այսինքն, եթե այս տարի այն կազմի, օրինակ, 18 տոկոս, մենք արդեն" դրական արդյունք ենք ունենալու: Սա ասում եմ նաեւ այն պատճառով, որովհետեւ բոլորի սպասում են, թե իշխանությունների կողմից գործի դրած հակագնաժամային միջոցները դրական արդյունք կտա՞ն, թե՞ ոչ: Պատասխանը միանշանակ է՝ ոչ:

Հայաստանը գումարներ է վերցրել այլ երկրներից եւ միջազգային ֆինանսական կառույցներից: Արդյո՞ք չենք հասել վտանգավոր սահմանին:

Հարցին պետք է առնվազն երկու տեսանկյունից մոտենալ: Եթե արտաքին պարտքը համադրում ենք մեր երկրի ՀՆԱ-ի ներկայիս ծավալների հետ, ապա անգամ առկա աճի պայմաններում արտաքին պարտքի ծավալները դեռեւս չեն հատել վտանգավոր սահմանը: Սակայն արտաքին պարտքի ծանրության գնահատման նման լայն տարածում ունեցող մոտեցումը մենք առնվազն վերագնահատենք ելնելով մեր երկրի առջեի ծառացած այլ իրական խնդիրներից: Այս տեսանկյունից հարկ է մեր արտաքին պարտքը համեմատել արտահանման առկա ծավալների հետ` քանի տարվա արտահանման ծավալներ են անհրաժեշտ արտաքին պարտքը մարելու համար: Այս տեսանկյունից վիճակը, իհարկե, շատ ավելի ծանր է:

Ինչպե՞ս եք գնահատում վարկերի օգտագործման արդյունավետությունը:

Պետք է գնահատեմ այնպես, ինչպես բոլորը՝ իհարկե, անբավարար: Արտաքին պարտքը մեծացնելիս հակաճգանաժամային միջոցների մասին ենք խոսում: Արդյո՞ք արտաքին միջոցների նման ներհոսքը բեկո՞ւմ մտցրեց մեր տնտեսության մեջ: Միանշանակ՝ ոչ: Տնտեսական առկա ցուցանիշները գոնե վկայում են դրա մասին: Երկրորդը: Ո՞ր ոլորտներն են գնում այս միջոցները: Արդյո՞ք այս միջոցների օգտագործումը երաշխավորում է տնտեսության այնպիսի գործունեության, վերարտադրության այնպիսի մակարդակի ձեւավորում, որ հետագայում ստանձնված պարտավորությունները անցավ կատարվեն: Այս տեսանկյունից եւս պատասխանը բացասական է: Մինչ օրս պետության կողմից փոխառնված միջոցների ներդրման առաջնային ոլորտը շինարարությունն է: Դա միայն կարճատեւ արդյունք է: Սակայն բնական հարցեր են առաջ գալիս` արդյո՞ք պետական երաշխիքներով միջոցները պիտի գնային դեպի բնակարային շինարարության մեջ, այն դեպքում, որ սա հիմնականում հասարակության մի նեղ շահերը սպասարկող ոլորտ է: Ստացվում է, որ մեկ-երկու օլիգարխ իրենց ու իրենց նեղ շրջապատի համար բնակտարածքներ կառուցելու համար միջոցներ են ստանում պետական երաշխիքներով: Հասկանալի է իհարկե, որ նման տեղաբաշխման դեպքում դրական արդյունքները դրսևորվում են անմիջապես, սակայն դրանք կարճատեւ են, եւ սա վերարտադրվող ներդրում չէ: Այլ բան է, եթե դա գնար տնտեսության մեջ, արտադրության մեջ, ձեռնարկություններ հիմնադրվեին, որոնք տարիներ շարունակ արտադրանք պետք է թողարկեն ու որի հաշվին վաղն այս միջոցները հնարավոր կլիներ վերադարձնել:

Ո՞ր ուղղություններով պետք է դրանք օգտագործվեն ավելի արդյունավետ լինելու համար:

Նախ պետք է արձանագրել, որ իրավիճակը աննախադեպ է, եւ առաջնահերթ է այն սկզբունքի ձեւավորումը, թե ում պետք է օժանդակի պետությունը: Հավանաբար այն ոլորտներին, որոնք որ երկրի տնտեսության ապագան են հանդիսանում: Այն սուբյեկտներին, որոնք ստեղծում են որոշակի արտահանման կամ իմպորտափոխարինող կարողություն են ստեղծում: Այսինքն, պետությունը եթե օժանդակում է, ապա նախեւառաջ պետք է օժանդակի արտադրական ոլորտը: Հաջորդը, որ բոլորի կողմից է նշվում, բայց, ցավոք, շատ քիչ բան է արվում, փոքր եւ միջին բիզնեսը, որովհետեւ երկրի կենսունակությունը լայն իմաստով, եւ տնտեսության կենսունակությունը մասնավորապես պայմանավորված է փոքր եւ միջին բիզնեսի վիճակով ու զարգացման մակարդակով: Մեր մոտ ոչ միայն առողջ չէ, այլեւ ուղղակի կարելի է ասել խորթ զավակի կարգավիճակում է: Հարկ է գիտակցել, որ ճգնաժամը ոչ միայն առկա հնարավորությունների քննություն է, այլեւ նոր, դինամիկ զարգացող համակարգի ստեղծման նախադրյալ:

Ըստ Ձեզ, որքանո՞վ է արդյունավետ Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը:

Արդյունավետությունը չափվում է ստացված դրական արդյունքներով, որոնք, սակայն, բացակայում են, չկան: Ավելին, Հայաստանում գոյություն չունի հակաճգնաժամային ծրագիր իբրեւ այդպիսին: Առանձին անհատներ, վարչապետն ելույթներ են ունեցել, հայտարարություններ արել, բայց մեր երկիրը դեռեւս ապրում է այն ծրագրով, որը անցյալ տարի հաստատել է մեր «տաղանդավոր» Ազգային Ժողովը (սա հեգնանքով եմ ասում): Այդ ծրագրի համաձայն՝ տնտեսական աճը 2009թ. պետք է կազմի 9,2 տոկոս, բյուջեն` համապատասխան թվեր ու համամասնություններ: Նման հանգամանքներում ի՞նչ հակաճգնաժամային ծրագրի մասին կարող է խոսք գնալ: Մի քանի առիթներով ասել եմ՝ առանձին անհատների, պետական պաշտոնյաների հայտարարությունները, փակ սենյակներում հնչեցրած անգամ ամենատաղանդավոր մտքերը ծրագիր չեն: Սա նման է անլուրջ վերաբերմունքի: Մեր երկիրը խոր ճգնաժամի մեջ է, որից դուրս գալու համար անհրաժեշտ է իրական ծրագիր: Իսկ ծրագիրը պետք է լինի այնպիսին, ինչպիսին պահանջում է երկրի օրենսդրությունը: Այսօր արվողը ինչ-որ ցաքուցրիվ միջոցառումներ են, որոնց արդյունավետությունը խիստ ցածր է:

Վարչապետը խոստովանեց, որ երկրի տնտեսությունը կախված է արտաքին ազդեցությունից: Այդ առումով ի՞նչ է Ձեզ հուշում մասնավորապես ՌԴ տնտեսությունը, եւ ՁԵր կանխատեսումներով երբ դուրս կգանք ճգնաժամից:

Այն, որ 2009թ. արդեն բացթողնված է, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Վերջիններից մեկը դա, ցավոք, հասկացան իշխանությունները: Մենք դեռեւս որեւէ երաշխիք չունենք, որ 2010թ. տնտեսական անկումը դադարելու է: Ըստ իս՝ լավագույն դեպքում 2010թ. թիվը եւս բացական արդյունքներով ենք ամփոփելու: Լավագույն դեպքը այն կլինի, որ մինչեւ տարեվերջ դրական միտումներ նշմարվեն ամերիկյան տնտեսության մեջ, Ռուսաստանի տնտեսությունը մինչեւ տարեվերջ կայունանա եւ մյուս տարի 2 տոկոսից ոչ պակաս տնտեսական աճ ունենա: Այս պարագայում միայն, եթե իշխանությունների կողմից անհրաժեշտ ջանքեր գործադրվեն, հնարավոր կլինի, որ Հայաստանում անկումը կասեցվի եւ տնտեսական աճ սկսվի 2011թ.: Սա երաշխավորված չէ, մեծ հարցականի տակ է դեռ, որովհետեւ Ռուսաստանում էլ վիճակը մնում է բարդ: Առաջին կիսամյակն այնտեղ ամփոփել է, եւ անկումը կազմել է սպասվածից ավելին՝ 10,5 տոկոս, թեեւ կանխատեսումները ավելի մեղմ էին:

Առիթից օգտվելով ուզում եմ նշել, որ մենք պետք է գնահատենք նաեւ այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է լինելու ճգնաժամի հետեւանքների վերացման համար: Դա Հայաստանում լավագույն դեպքում կազմելու է 4-5 տարի: Բնականաբար եթե (այդ «եթե»-ն անպայման պիտի ասենք) իշխանությունները ձեռնամուխ լինեն նշված ժամկետով համապատասխան իրական ծրագրի ձեւավորմանը, մշակմանը եւ, իհարկե, իրականացմանը:

Զրուցեց Արտակ Եղիազարյանը