Հայաստանի եւ ղարաբաղյան խնդրի շուրջ վերաբերմունքը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա միակ խնդիրը չէ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Անդրադառնալով Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ձեռքբերված տնտեսական պայմանավորվածություններին եւ հայ-թուրքական հարաբերություններում միջնորդի դերում հանդես գալու Ռուսաստանի հնարավոր մտադրություններին՝ թուրքագետն ընդգծեց. «Ռուսական կողմը, երբեք չի մոռանում Հայաստանի շահերի մասին, եւ ընդհանապես, հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերը այսպես թե այնպես արծարծվում են բոլոր բանակցությունների ժամանակ, քանի որ այլ կերպ չէր էլ կարող լինել»: Նրա խոսքով՝ Անկարայում կայացած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի միջեւ բանակցությունների ընթացքում քաղաքական հարաբերությունները տարանջատված են եղել տնտեսականից: «Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն ու ղարաբաղյան հարցը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա միակ խնդիրները չեն: Կա նաեւ, օրինակ, Սիրիայի խնդիրը. այդ հարցում մոտեցումները լիովին եւ ամբողջապես չեն համընկնում, Ղրիմի եւ Ուկրաինայի հարցերում նույնպես տարաձայնություններ կան: Այսինքն, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները բավականին շատ են», - փաստեց Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Դեռեւս Թուրքիայի վրա ճնշումը աննախադեպ է նաեւ եւ Եվրամիության, եւ ԱՄՆ-ի կողմից:
Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնել էր Ռուսաստան: Թուրք գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով Պուտինը հայտարարել էր «Հարավային հոսք» նախագծից Մոսկվայի հրաժարման մասին: Հայտարարվել է նաեւ Թուրքիայի տարածքով գազատրանսպորտային համակարգ կառուցելու մտադրության մասին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվել էր 2008-ի աշնանը: 2009թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ Ցյուրիխում ստորագրել էր «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները: Սակայն 2009-ի դեկտեմբերին այն ժամանակվա վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը: 2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ սկսածն ավարտին հասցնելու: Թուրքիայի խորհրդարանում եւս վավերացման գործընթացը սառեցված է:




























