Ավտոմեքենաների ներմուծումը մեր երկիր վերջին 10 տարվա կտրվածքով 2010 թ. առաջին եռամսյակում գտնվում է ռեկորդային նվազագույն մակարդակի վրա։ Ներմուծվել է ընդամենը 3533 ավտոմեքենա, որն ավելի քիչ է, քան 2001 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը (5817 մեքենա), եւ մոտ 12 անգամ զիջում է 2008 թ. ցուցանիշին, երբ մեկ եռամսյակի ընթացքում ներմուծվեց 42 հազ. ավտոմեքենա (սա ամենաբարձր ռեկորդային մակարդակն է)։

Անշուշտ, Հայաստանի քաղաքացիների եկամուտները 2008 թ. համեմատ 12 անգամ չեն նվազել, սակայն մարդիկ խուսափում են խոշոր ծախսերից, ինչպես շինարարությունը կամ ավտոմեքենայի ձեռքբերումը։ Այն ասացվածքը, թե ավտոմեքենան շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն, Հայաստանում փոքր-ինչ ձեւափոխվել է՝ «ավտոմեքենան շքեղություն չէ, շքեղությունը այն տեղաշարժելու համար կատարվող ծախսերն են»։ Եւ իսկապես՝ բենզինն ու դիզվառելիքը անցյալ տարվա համեմատ թանկացել են մոտ 20 տոկոսով, էական թանկացումներ կան պահեստամասերի շուկայում։ Ավտոմոբիլային հանրաճանաչ բրենդների մեծ մասն այդպես էլ չկարողացավ պատշաճ մակարդակի հասցնել պահեստամասային ապահովումը, ինչի հետեւանքով ավտոմեքենա պահելը Հայաստանում բավական թանկ հաճույք է։ Բացառությամբ «BMV»-ի կամ Opel-ի, ինչպես նաեւ ռուսական արտադրության մեքենաների, մյուս բոլորի գծով պահեստամասերն ու անվադողերը բավական թանկ են եւ թանկացման միտում ունեն։   

Մյուս կողմից՝ Հայաստանի ավտոմոբիլային շուկան 2005-08 թ.թ. խոշոր ներմուծումների շնորհիվ հագեցել է։ Ըստ վիճակագրության՝ հանրապետության ավտոճանապարհներին երթեւեկում է մոտ 450 հազ. ավտոմեքենա, ինչը 3 տարվա ընթացքում մոտ մեկ երրորդով աճ է նշանակում։

Այն, որ մեր քաղաքացիների գնողունակությունը դեռեւս բարձր չէ, վկայում է փաստը, որ ներմուծված ավտոմոբիլների մեջ միանշանակ գերակշռում են մինչեւ 10 հազ. դոլար արժողության մեքենաները՝ կազմելով ընդհանուրի մոտ 70 տոկոսը։ 2008 թ. ներմուծված էժան մեքենաների տեսակարար կշիռը կազմել է 63 տոկոս։ Ըստ միջազգային փորձագետների՝ բարձրորակ կարելի է համարել միայն այն մեքենան, որի արժեքը 10 հազ. դոլարից ավելի է։ Հետեւաբար՝ Հայաստան ներմուծվող մեքենաներն առավելապես կամ ցածր ու միջին կարգի են, կամ օգտագործված։ Հայաստանն, այսպիսով, վեր է ածվում ավտոմոբիլային գերեզմանոցի։ Թերեւս այս հանգամանքն էլ նպաստում է ճանապարհային պատահարների բարձր մակարդակին։ Հայաստանում տարեկան տեղի է ունենում մոտ 3200 վթար, չհաշված այն մանր պատահարները, որ պարզապես չեն գրանցվում։ 2010 թ. առաջին կիսամյակում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 117 մարդ, 1151-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ 2009 թ. համեմատ, երբ նույն ժամանակահատվածում զոհերի թիվը 150 էր, իսկ վնասվածք ստացողներինը՝ 1217, առկա է նվազում։ Դրան որոշ չափով նպաստել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ուժեղացումը՝ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների նկատմամբ։ Այնուամենայնիվ՝ ոչ բարձրակարգ մեքենաների առատությունը հանրապետությունում միշտ էլ վթարայնության մեծ հավանականություն է ստեղծելու։

Ինչ-որ առումով տուժած անձանց համար փրկօղակ կարող է հանդիսանալ ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրումը, որը գործելու է 2011 թ. հունվարի 1-ից։ Դա հնարավորություն կտա պատահարներից տուժած անմեղ անձանց՝ ստանալ փոխհատուցումներ։ Ավտոտրանսպորտային պատահարների դեպքում տուժած քաղաքացիները պետք է ստանան 2 մլն դրամ (մոտ 5400 դոլար)՝ գույքային վնասի դեպքում, եւ 4 մլն դրամ (մոտ 10800 դոլար)՝ անձնական վնասի դեպքում (առողջության կորուստ կամ մահ)։ Վարորդները եւս պետք է զգույշ լինեն, քանի որ յուրաքանչյուր գրանցված վթարից հետո նրանց մեքենայի ապահովագրական արժեքը կմեծանա (ապահովագրական ընկերությունն օգտվում է Բոնուս-Մալուսների համակարգից, որով որոշում է յուրաքանչյուր ապահովագրվող մեքենայի ռիսկայնությունը)։

Սամվել Ավագյան