Հայաստանում կա մասնագետների խումբ, որն ունակ է ստեղծել եւ հետազոտել միկրոսխեմաներ (չիպեր)։ Սակայն Հայաստանում չիպ չի արտադրում, իսկ միկրոսխեմաների նախագծերը եւ արդեն փորձարկված արտադրանքը գնում է արտերկիր: Արդյունքում՝ այլ երկրներում արտադրված միկրոսխեմաների վաճառքից ստացված հսկայական գումարներից Հայաստանին բաժին է ընկնում ընդհանուր եկամուտի ընդամենը 10 տոկոսը: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը` ավելացնելով, որ չիպ հնարավոր է արտադրել միայն այն երկրներում, որոնք ունեն ոչ միայն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլեւ համապատասխան կլիմայական պայմաններ` ջերմային տատանումներն ու ճնշման տատանումները պետք է հավասար լինեն մինիմումի, իսկ փոշու մակարդակը՝ մոտ լինի 0-ին: Սովորաբար նման պայմաններ լինում են ծովերի ափի մոտ:
Գրիգորյանի խոսքով` Հայաստանը բավականին հեռու է վերոնշյալ չափորոշիչներից, հետեւաբար՝ այստեղ չիպ արտադրելու համար անհրաժեշտ է ստեղծել հերմետիկ զոնաներ. շինություն, որը պաշտպանված է երկրաշարժերից, իսկ ջերմային փոփոխությունները հասցված են 0-ի։ Նման շինություն կառուցելու համար անհրաժեշտ է ամենաքիչը մոտ 1 մլրդ դոլար:
«Միկրոսխեմաներ արտադրելու համար նման ներդրումները արդարացված են, քանի որ այն մի քանի անգամ ավելի շատ եկամուտներ կարող է բերել»,-ասաց Գրիգորյանը` նշելով, որ Հայաստանի զարգացման համար ամենակարեւոր ուղղություններից մեկը հենց միկրոսխեմաների արտադրությունը պետք է լինի, հակառակ պարագայում Հայաստանը հսկայական օգուտներ կկորցնի։
ՏՏԶԱԽ քարտուղարի խոսքով` այսօր Հայաստանում նախագծված եւ փորձարկված միկրոսխեմաներից ստացվում է 100 մլն դոլար, սակայն դրանց արտադրությունը կազմակերպելու պարագայում եկամուտները կտասնապատկվեն։
Ողջ աշխարհում էլ նորարարական այս ուղղությունը կարեւորվում է, սակայն չիպեր կարողանում են արտադրել մի քանի խոշոր եւ հայտնի ընկերություններ։
Եթե Հայաստանը եւս կարողանա միկրոսխեմաներ արտադրել, ապա, ըստ Գրիգորյանի, կդառնա Սինգապուրի եւ Մալազիայի նման հարուստ երկիր:




























