Հետազոտողները հայտարարել են, որ երեխայի ուսման ձգտումն ու մոտիվացիան 50%-ով կախված է այն հանգամանքից, որի վրա ո՛չ ծնողները, ո՛չ ուսուցիչները չեն կարող ազդել՝ գենետիկ գործոններից:

Գիտնականների հետազոտությանը 9-16 տարեկան 13 հազար երկվորյակներ են մասնակցել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիցայից, Կանադայից, Գերմանիայից, Ճապոնիայից եւ ԱՄՆ-ից: Նպատակն էր՝ հասկանալ, թե ինչ գործոններ են ազդում երեխաների սովորելու ցանկության վրա:

Մասնագետները փորձին ներգրավել են երկվորյակների, քանի որ նրանք նույն ընտանիքում են մեծանում, միեւնույն դպրոցում եւ դասարանում են սովորում: Եթե ուսման հանդեպ երեխայի ձգտման վրա ազդեին արտաքին գործոններն ու դաստիարակությունը, ապա քույրերն ու եղբայրները պետք է միանման սովորեին: Սակայն աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ դա այդպես չէ:

Ըստ Gazeta-ի, գիտնականները հավաստում են, որ երեխաների սովորելու ցանկությունը 40%-50%-ով կախված է գենետիկ գործոններից: Օրինակ՝ միաբջիջ երկվորյակները, որոնց ԴՆԹ-ն համընկնում է, իսկապես միանման են սովորում, իսկ ահա տարբեր գեներ կրող քույրերն ու եղբայրները՝ ոչ: