ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային վերահսկողության վարչությունն (ICE) ու Ներքին անվտանգության դեպարտամենտը (HSI) հայտարարել են վեց շաբաթ շարունակվող լայնամասշտաբ գործողությունների ավարտի մասին: Foxnews.com-ի փոխանցմամբ, այդ ընթացքում իրավապահներն ավելի քան 1.200 մարդ են ձերբակալել, զենք ու թմրանյութեր առգրավել, որոնք օգտագործվել են միջազգային հանցավոր միավորումների կողմից:
Գործողությունն անցկացվել է Wildfire գաղտնի անվան ներքո: Իրավապահներն ամերիկյան 282 քաղաքներում հանցավոր տարբեր խմբավորումների 239 անդամի են ձերբակալել:
Ըստ RG-ի, ԱՄՆ հատուկ ծառայությունները նշել են, որ գործողության նպատակն էր կանխել վերազգային եւ այլ հանցավոր խմբավորումների գործունեությունը:
Կալանավորվածների մեծ մասը կապ են ունեցել քրեական հայտնի Surenos, Nortenos, Blood, Crips խմբավորումների հետ, որոնք մեծ ակտիվություն են ցուցաբերում Սան Խուանում, Էլ Պասոյում, Լոս Անջելեսում եւ Դեթրոյթում: Շրջայցերի ժամանակ ձերբակալվածների թվում Հարավային եւ Կենտրոնական Ամերիկաների, Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի եւ Կարիբյան ավազանի 18 երկրների քաղաքացիներ կան:
Գործակալները նաեւ 1 մլն դոլար արժողությամբ զենք, տրանսպորտային միջոցներ, դրամ եւ կեղծ ապրանքներ են առգրավել, ինչպես նաեւ թմրանյութ, այդ թվում՝ մետամֆետամին, կոկաին եւ հերոին:





























