Բազմաթիվ փորձություններ տեսած մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամռայլ եւ ողբերգական էջը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ծրագրված եւ իրագործված Հայոց ցեղասպանությունն է, որին զոհ գնացին շուրջ մեկուկես միլիոն հայորդիներ: Այդ մասին Երեւանում ընթացող Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Այսօր` 100 տարի անց, այդ ոճրագործությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մի շարք պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը` իբրեւ մարդկության դեմ գործված ծանրագույն հանցագործություն, վստահություն է ներշնչում մեզ, որ այն պիտի ստանա համընդհանուր ճանաչում ու արդար գնահատական։
Քիչ են դեպքերը, երբ մի պետություն, որ ցեղասպանություն է կազմակերպել, ճանաչում եւ ընդունում է իր հանցանքը: Այս առումով Գերմանիան կարող է օրինակ հանդիսանալ Թուրքիայի ներկա իշխանությունների եւ ցեղասպան այլ պետությունների համար:
Ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավունքների, արժանապատվության ու արդարության ոտնահարում է, այլեւ խարխլում է միջազգային իրավունքի եւ համընդհանուր բարոյականության հիմերը եւ ծանր հարված հասցնում ազգերի եւ ժողովուրդների հարաբերություններին ու խաղաղ համակեցությանը:
Ժամանակին միջազգային հանրության կողմից ցեղասպանության հանցագործությունների անտեսումը, անդատապարտելի ու անպատիժ թողնելը, ինչպես եւ` ժխտողականությունը պատճառ դարձան, որ շարունակվի եղերագործությունների շղթան: Նույն չարահնար մտածողությամբ, որով կազմակերպվեցին հայերի սոսկալի, վայրագ ջարդերը, ծնունդ առան Հոլոքոստը, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները:
Ցեղասպանության ոճրագործության ժխտման եւ այն անպատիժ թողնելու համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում: Ժխտողականության հանդուրժումը անտարբեր է դարձնում մարդուն իր նմանի տառապանքի հանդեպ եւ հանրության կյանքում լռեցնում բարոյական պատասխանատվության ձայնը` զրկելով նման սարսափի կրկնությունը կանխելու հանձնառությունից:
Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների: Բարոյականությունը, որ պիտի լինի հիմնամուր սյունը հասարակական կյանքի եւ պետությունների քաղաքականության, դժբախտաբար, այսօր հաճախ զոհաբերվում է աշխարհաքաղաքական շահերին: Նման հանցավոր դիրքորոշման ու վերաբերմունքի հետեւանքները ողբերգական են բազմաթիվ ժողովուրդների համար: Մեզ` հայերիս համար, դա մեկուկես միլիոն մեր հայրերի կյանքն էր, կորուսյալ մեր հայրենիքը, մասամբ ոչնչացված եւ մասամբ ոչնչացման վտանգին ենթակա մշակութային ժառանգությունը:
Այսօր մարդկությունն ականատես է նոր ողբերգությունների աշխարհի տարբեր կողմերում: Հազարավոր մարդիկ զոհ են դառնում ազգային-կրոնական անհանդուրժողականությանն ու ծայրահեղականությանը, մասնավորապես` Մերձավոր Արեւելքի երկրներում, ինչպես վերջերս Լիբիայում` Ղպտի եւ Եթովպիական Եկեղեցիների հավատացյալներ: Անմեղ կյանքեր խլող եղեռնագործությունները անկախ դրսեւորման ձեւերից ու եղանակներից` հանցագործություն են մարդկության դեմ եւ խստագույնս` դատապարտելի: Դրանց դեմ պայքարը` իբրեւ դարի մարտահրավեր, պարտքն է յուրաքանչյուր ժողովրդի, պետության, միջազգային հանրության եւ կառույցի:
Առաքյալն ուսուցանում է, որ եթե մարմնի մի անդամը տառապում է, մյուս անդամները եւս տառապում են նրա հետ (հմմտ. Ա Կորնթ. 12. 26)։ Հիրավի, այս վերջին հարյուր տարիների ընթացքին բազում պետություններ, ազգեր, Եկեղեցիներ, կրոնական ու միջազգային կազմակերպություններ եւ անհատներ կիսել են հայ ժողովրդի ցավը եւ իրենց դիրքորոշմամբ նպաստել, որ արդարությունը հաղթանակի։
Մենք վերստին երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ազգերին, Եկեղեցիներին եւ պետություններին, ովքեր ապաստան են տվել եւ սատարել մեր ժողովրդի տարագիր զավակներին` վերակերտելու ազգային եւ հոգեւոր իրենց կյանքը, ինչպես եւ նրանց, ովքեր ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում համաժողովի մասնակիցներիդ` քույր Եկեղեցիների Պետերիդ, եկեղեցական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներիդ, բարեկամ երկրների պետական այրերիդ, գիտության եւ մշակույթի գործիչներիդ եւ բոլորին, ովքեր այս օրերին մեր ժողովրդի հետ են եւ գովարժան նպաստ են բերում Հայոց Ցեղասպանության եւ մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների դատապարտմանը:
Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված խաղաղության եւ բարօրության մեջ պահպանի համայն աշխարհը, որ ոչ մի ժողովուրդ այլեւս չապրի ցեղասպանության ողբերգությունը: Թող Տերը օրհնի մարդկանց եւ ազգերի միջեւ եղբայրության ու արդարության ճանապարհները։ Ամեն»,- ասել է կաթողիկոսը:
Նշենք, որ Երեւանում ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետեւանքների վերացմանը եւ պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Ֆորումին մասնակցում է մոտ 600 մասնակից՝ հինգ տասնյակ երկրներից։





























