Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը այցելել է Հայաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության հետ։ Պարոն Դոլը մասնակցել է Հայոց ցեղասպանության միջոցառումներին։ NEWS.am-ին տված հարցազրույցում ԵԺԿ նախագահը խոսել է Ցեղասպանությունից, Հայաստան-ԵՄ հարաբերություններից եւ Եվրոպայի ապագայից։

Եվրախորհրդարանը վերջերս Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունեց։ Դրանից առաջ Հռոմի Պապը իր ելույթում 1915թ. Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը Ցեղասպանություն էր որակել եւ զուգահեռներ էր տարել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քաղաքական գործիքներ կարող է օգտագործել Եվրոպան, որպեսզի կանխի հանցագործությունները, որոնք այսօր տեղի են ունենում։

ԵԺԿ-ը մարտի 3-ին առաջինը Հայոց ցեղասանության մասին բանաձեւ ընդունեց։ Մենք շատ ենք աշխատում Եվրախորհրդարանի այլ խմբերի հետ՝ առաջ մղելով բանաձեւը։ Մեր քաղաքական համակարգի շատ գործիչներ, այնպիսիք, ինչպես Ռոբերտ Շումանը, Կոնրադ Ադենաուերն ու Ալչիդե դե Գասպերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատում էին հաշտեցման գործընթացի ուղղությամբ։ Այդ ուժեղ քաղաքական գործիչների շնորհիվ քայլեր են ձեռնարկվել Ֆրանսիայի եւ Գերմանիայի հաշտեցման համար, եւ Գերմանիան ճանաչել է Հոլոքոստը։

Ես ինքս ծնվել եմ Էլզասում՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի սահմանին ընկած շրջանում, որը հատկապես տուժել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Շատ ընտանիքներ դժվար կացության  մեջ էին հայտնվել 1945թ.-ից հետո, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի էր ունեցել Գերմանիայի հետ պատերազմի տարիներին։ Ես մասնավորապես կցանկանայի մեջբերել Ստրասբուրգի նախկին քաղաքապետ Պյեռ Պֆիլմանին, ով հայտարարել էր. «Վե՛րջ։ Այլեւս նման բան չպետք է կրկնվի»։ Հաշտեցման բանալին քաղաքական կամքի մեջ է։

Ինչ վերաբերում է Թուրքիային, այդ երկիրը չի կարողանում կարգավորել իր հարաբերությունները անցյալի հետ։ Էրդողանի  ներկայիս կառավարությանը չեն մեղադրում Ցեղասպանության մեջ։ Դա անցյալի հարց է եւ ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է ընդունի եւ դատապարտի Ցեղասպանությունը։

Վերադառնալով ձեր հարցին՝ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլ նաեւ աֆրիկյան որոշ երկրների քրիստոնյաների հետ։ Դա ողբերգություն է։ Ես նաեւ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Աֆրիկայի հյուսիսում, մասնավորապես Լիբիայում՝ հաշվի առնելով վերջերս Միջերկրական ծովում տեղի ունեցած ողբերգությունը։ Մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Մեր կուսակցությունը 2015թ. հոկտեմբերին Մադրիդում կայանալիք կոնգրեսից առաջ  աշխատում է արտաքին քաղաքականության եւ Եվրոպայի անվտանգության մասին փաստաթղթի շուրջ։ Ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին Եվրոպան պետք է ամրացնի գործիքները, որոնցով կկարողանա Եվրոպայի սահմանին կանխել նման ողբերգությունները։

Թեպետ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, երկրի ղեկավարությունը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ։ Եվրոպայում Հայաստանի համար ի՞նչ դեր եք տեսնում։ Եվրամիությունում ինչպե՞ս են ընդունում Հայաստանին՝ որպես արեւելյան հարեւա՞ն, առեւտրային գործընկե՞ր, թե՞ եվրոպական արժեքներ ունեցող երկիր։

Հայաստանը տնտեսապես ներկայացված է Եվրոպայում։ Այն մեր տնտեսական գործընկերն է։  Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրոպա հարաբերություններին, Հայաստանի ուժեղ կողմերից մեկը նրա սփյուռքն է։  Ես հաճախ եմ ասել, որ Հայաստանն այսօր իրեն դրսեւորելու մեծ շանսեր ունի։ Իհարկե, պետք է առեւտրային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ, քանի որ նրանք ձեր հարեւաններն են։ Սակայն, ինչպես ես արդեն ասել եմ նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, բարեփոխումները պետք է շարունակվեն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է օրենքի գերակայությունը, անկախ դատական համակարգը, կաշառակերության դեմ պայքարը։

Հայաստանը պետք է գործի դնի եվրոպական արժեքները։ Եթե բոլոր այդ պայմանները պահպանվում են, եւ եթե դուք ունեք իրավունքի սկզբունքներին եւ անկախ դատական համակարգին հետեւող պետություն, եթե հաղթահարեք կաշառակերությունը, ապա ես վստահ եմ, որ սփյուռքը շատ ներդրումներ կկատարի երկրում։ Քանի որ դա այն է, ինչ ցանկանում է սփյուռքը. վերադառնալ երկիր եւ ներդրումներ կատարելու հնարավորություն ունենալ։ Երիտասարդ սերնդի համար դա շատ կարեւոր է։  Հայաստանի քաղաքական գործիչներն ու հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն առաջ գնան այդ հարցում։

Անձամբ ես շատ եմ աշխատել հայերի հետ, հատկապես ֆրանսիական քաղաքականության մեջ։ Ֆրանսիայի հայերը Հայաստանի մի մասն են, նրանք կանգնած են հայրենիքի թիկունքին, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ինտեգրման մասին քննարկումները բնական են։ Հայաստանը պետք է աշխատի Եվրոպայի հետ։

Պարո՛ն Դոլ, մենք Radio France-ով լսել ենք, որ Ֆրանսիայում ապրում են պոտենցիալ ջիհադականներ, որոնք պատրաստ են ցանկացած պահի մեկնել Սիրիա պայքարելու։ Դա անբարենպաստ շրջաններում, գետտոներում բնակվող երիտասարդներն են։ Ի՞նչ է պատրաստվում Ֆրանսիան անել այդ ուղղությամբ։

Այդ մարդկանց հետեւում եւ վերահսկում են։ Խնդիրը այստեղ այդ երիտասարդների ինտեգրացիայի մեջ է։ Առաջին հերթին մենք պետք է երիտասարդների համար աշխատանք գտնենք, մեզ պետք են նաեւ կրոնական գործիչների, կրոնական ուղղությունների հետ տարվող աշխատանքների մեխանիզմներ։ Միջկրոնական երկխոսությունը շատ կարեւոր է։ Ստրասբուրգում հսկայական աշխատանք է տարվել կաթոլիկների, բողոքականների, հրեական համայնքի եւ մուսուլմանների հետ։ Ինձ թվում է, որ  մենք շատ երկար ժամանակ ուշադրություն չենք դարձրել պոտենցիալ ջիհադականների խնդրին՝ մեզ համոզելով, որ  նման խնդիր գոյություն չունի, մինչեւ որ ստացանք այն, ինչ ստացանք։ Կարեւորը դպրոցներում եւ լիցեյներում աշխատանք տանելն է։ Որպեսզի լուծենք այդ խնդիրը, մեզ անհրաժեշտ է ավելի շատ ներդրումներ կատարել կրթության ոլորտում եւ հարգանքի ու հանդուրժողականության արժեքներ ուսուցանենք։