Վաղը` օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես կզրկվի ԱՊՀ անդամությունից: «ԱՊՀ կազմից դուրս գալու ընթացակարգի համաձայն, Վրաստանն այլեւս ԱՊՀ անդամ երկիր չէ: Վրացական դրոշը կհանվի ԱՊՀ գործադիր կոմիտեից: Վրացական կողմի հետ ոչ մի միջոցառում չի նախատեսվում»,- «Ինտերֆաքս-Արեւմուտք» գործակալությանը հայտնել են Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեում:

Նշենք սակայն, որ ԱՊՀ կազմից դուրս գալուց հետո էլ Վրաստանը կշարոնակի մասնակցել ԱՊՀ մոտ 70 պայմանագրերում: «Փորձագետները որոշման են եկել, որ Վրաստանը կշարունակի մասնակցել պայմանագրերում բաց սուբյեկտի կարգավիճակով, այսինքն այն պայմանագրերում, որտեղ առաջ էլ կարող էին մասնակցել ԱՊՀ կազմում չգտնվող պետություններ»,- ասել է աղբյուրը:

Այդուհանդերձ վաղվանից Վրաստանի համար այլեւս չեն գործի այն որոշումները, որոնք ընդունվել են ԱՊՀ շրջանակներում, ԱՊՀ երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների եւ տնտեսական խորհուրդներում: