ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի հարցազրույցը NEWS.am-ին։
Պարոն Պետրոսյան, այս պահին ինչպիսի՞ն է սեյսմիկ ակտիվության վիճակը։ Մեր տարածաշրջանում պակասե՞լ են արդյոք սեյսմիկ իրադարձությունները։
Մեր երկրի տարածքը սեյսմաակտիվ է, այդ պատճառով պետք չէ զարմանալ, երբ մեզ մոտ սեյսմիկ իրադարձություններ են լինում։ Որքան շատ են թույլ եւ միջին ուժի սեյսմիկ ցնցումները, այնքան դա լավ է երկրաբանատեկտոնական գործընթացների արդյունքում երկրակեղեւում կուտակվող առաձգական դեֆորմացիաների էներգիայի լիցքաթափման տեսակետից։ Հայաստանը գտնվում է երկու խոշոր քարոլորտային սալերի՝ հարավում Արաբական, իսկ հյուսիսում՝ Եվրասիական սալերի բախման գոտում։ Երկրորդը համարվում է անշարժ, իսկ առաջինի շարժի արագությունը Եվրասիականի ուղղությամբ կազմում է տարեկան մինչեւ 20 մմ։ Որքան մեծ է երկրների տարածքը, այնքան միջինում այդ տարածքներում շատ են գրանցվում սեյսմիկ իրադարձություններ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի տարածքում ամենաշատ երկրաշարժեր գրանցվել են 2011թ.։ Այդ տարվա բազմաթիվ երկրաշարժերից մարդիկ Հայաստանում զգացել են 9-ը։ Դրանց ամենամեծ ուժգնությունը Հայաստանում չի գերազանցել 5 բալը։ Այսօր հանրապետության սեյսմիկ վիճակը հանգիստ է։

Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, թե աշխարհում երկրաշարժերի քանակը պակասել է։
Աշխարհում ամեն տարի միջինում տեղի է ունենում ըստ Ռիխտերի սանդղակի 7 մագնիտուդով 15 երկրաշարժ, իսկ 6 մագնիտուդով՝ 150 երկրաշարժ։ Հարցը միայն դրանց քանակը չէ։ Վերջերս Նեպալի ուժգին երկրաշարժը խլեց մոտ 9000 մարդու կյանք, 17 500 մարդ էլ վիրավորվել էր։ Տուժեց 8 մլն մարդ, հարյուրավոր շենքեր փլուզվեցին։ 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի արեւելյան ափերին Ռիխտերի սանդղակով 9 մագնիտուդով Ֆուկուսիմայի երկրաշարժից հետո նույնպես մարդկային մեծ կորուստներ եղան, եւ ոչ միայն Ճապոնիայում։ Ֆուկուսիմայի երկրաշարժը առ այսօր տեղի ունեցած՝ Ռիխտերի սանդղակով 9 եւ ավելի մագնիտուդով յոթ երկրաշարժերից մեկն էր։
Կարծիք կա, որ ուժեղ երկրաշարժերը հաճախ կրկնվում են։ Հնարավո՞ր է արդյոք մեր տարածաշրջանի դեպքում խոսել պարբերաբար կրկնվող երկրաշարժերի մասին։
Հայաստանի տարածքը փոքր է, եւ մեր տարածաշրջանը ընդհանուր առմամբ նույնպես հարաբերականորեն մեծ չէ։ Պարբերաբար կրկնվող ուժեղ երկրաշարժերի մասին հնարավոր է խոսել սեյսմիկ ակտիվություն ունեցող մեծ տարածաշրջանների դեպքում։ Հայաստանի նման փոքր երկրի համար հարցի նման ձեւակերպումը գիտական տեսանկյունից կոռեկտ չէ։ Մենք կարող ենք մի քանի տասնամյակով սխալ հաշվարկ անել։

Իսկ ի՞նչ կարող եք ասել երկարաժամկետ կանխատեսումների մասին։
1998թ. Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում Ղրիմ-Կովկաս-Քոփեթ Դաղ տարածաշրջանի համար, ներառյալ ՀՀ տարածքը, կազմել էինք երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզ։ Հայաստանի տարածքում առանձնացրել էինք առավելագույն վտանգի 2 գոտի։ Դրանք են Փամբակ-Սեւանի եւ Գառնի-Ելփինի գոտիները, որտեղ ապագայում հնարավոր են համարվում Ռիխտերի սանդղակով 7 մագնիտուդով երկրաշարժեր։ Քարտեզը կազմվել էր բազմամյա սեյսմիկ, սեյսմատեկտոնական, երկրաբանական, երկրաֆիզիկական դիտարկումների տվյալների հիման վրա։ Իսկ հնարավոր երկրաշարժի հավանականությունն ու ժամկետները կարելի է գնահատել միայն կարճաժամկետ կանխատեսումների դեպքում։ Սա բարդ գիտական խնդիր է, եւ թեպետ հայտնի են երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումների հաջող դեպքեր, սակայն խնդիրը դեռեւս չի լուծվել։
Աշխարհում եղե՞լ է երկրաշարժի կանխատեսման գոնե մեկ նախադեպ։
Ամենահայտնի նախադեպը 1975 թվին չինացի սեյսմոլոգների կողմից Հայչենգի երկրաշարժի կանխատեսումն էր, որի մասին նրանք տեղյակ էին պահել կառավարությանը։ Բնակչությանը հրավիրել էին Հայչենգ քաղաքի մարզադաշտ դիտելու Մաո Ցզեդունի մանկության մասին ֆիլմը։ Երկրաշարժը տեղի ունեցավ, եւ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկվեցին։ Թեպետ եղան եւ զոհեր՝ 1500 մարդ։ Կանխատեսումն արվել էր ստորգետնյա ջրերի մակարդակի կտրուկ անկման, կենդանիների տարօրինակ վարքի եւ այլ նախանշանների հիման վրա։ Չնայած հաջողված փորձին, նույն չինացի սեյսմոլոգները հաջորդ տարի, ցավոք սրտի, չհամարձակվեցին հայտնել մեկ այլ ուժեղ երկրաշարժի՝ Տանշանի երկրաշարժի մասին։ Պաշտոնական տվյալներով, այն խլեց 242 հազար մարդկային կյանք: Մեկ այլ ողբերգական օրինակ. 2011թ. ճապոնացի սեյսմոլոգները կանխատեսել էին Ռիխտերի սանդղակով 7.2 մագնիտուդով մարտի 9-ի երկրաշարժ, որը տեղի ունեցավ: Երկու օր անց պարզ դարձավ, որ դա իրականում մեկ այլ ավերիչ՝ Ֆուկուսիմայի երկրաշարժի նախացնցումն էր, որը չէր կանխատեսել։
Խնդրում եմ պատմեք, թե ի՞նչ վիճակում է Գառնիի դիտարանը։
1968թ. Զանգեզուրի երկրաշարժից հետո՝ 1980-ական թվականների վերջին, ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ կառուցվեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը: Նպատակն էր ուսումնասիրել հանրապետության տարածքում գեոդինամիկ ակտիվությունը, կանխատեսել ուժեղ սեյսմիկ իրադարձությունները։ Այն կառուցվեց 5 տարվա ընթացքում եւ արժեցավ 3 մլն ռուբլի։ Տեղը պատահական չէր ընտրվել. Գառնիի սեյսմածին ակտիվ խզվածքի գոտուն էր հարում 1679թ. տեղի ունեցած 7 մագնիտուդով Գառնիի ուժեղ երկրաշարժի օջախը։ Դիտարանը կառուցվեց այդ երկրաշարժի էպիկենտրոնային գոտում, քանի որ Գառնիի սեյսմիկ օջախը որոշակի վտանգ է ներկայացնում Երեւան քաղաքի համար։
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը մոտ 10 տարի հաջողությամբ աշխատեց, իսկ հետո, ֆինանսավորման պակասի պատճառով, աստիճանաբար անկում ապրեց։ Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը նախարար Արմեն Երիցյանի առաջարկությամբ դիտարանը հանձնեց ԱԻՆ ենթակայությանը եւ ընդգրկեց «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայության» կազմում, այնտեղ սկսվեցին լայնածավալ աշխատանքներ դիտարանի վերականգնման եւ արդիականացման ուղղությամբ։ Այս պահին դիտարանի եռահարկ շենքը հիմնովին վերանորոգվել է։ Կարգի է բերվել 375 մ երկարություն ունեցող ստորգետնյա հորիզոնական թունելը, որն ունի նաեւ 5մX10մ չափսերով 10 սենյակ։ 2012թ. ԱԻՆ-ում կազմվեց եւ նախարարի կողմից հաստատվեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերազինման ծրագիրը: Դրա շրջանակներում անցյալ տարի Չեխիայի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականների հետ միասին թունելում տեղադրվեց նորագույն թեքաչափ։ Անցյալ տարի ՌԴ գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության մասնագետների հետ համատեղ ջանքերով վերականգնվեց խորհրդային արտադրության եզակի դեֆորմոգրաֆը։ Թունելում տարիներ շարունակ աշխատում է ամերիկյան արտադրության IRIS սեյսմիկ կայանը։ Նախատեսում ենք հովանավորների օգնությամբ վերականգնել թունելի լազերային ինտերֆերոմետրը, ձեռք բերել նոր կայաններ, տեղադրել GPS կայաններ, մի խոսքով, ամբողջովին վերազինել դիտարանը՝ վերածելով այն միջազգային գիտական կենտրոնի։ Մեր օտարերկրյա գործընկերների կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը շատ մեծ է։ Շուտով կկայանա վերականգնված եւ արդիականացված դիտարանի բացումը։
Համապատասխանու՞մ են արդյոք բնակելի տների շինարարության մոտեցումները անհրաժեշտ պահանջներին։
Սպիտակի 1988թ. երկրաշարժի զոհերի մեծ քանակի պատճառներից մեկը սեյսմիկ վտանգի սխալ գնահատումն էր։ Հայաստանի տարածքում մինչեւ Սպիտակի երկրաշարժը այդ վտանգը գնահատվում էր 7 բալ, իսկ որոշ շրջաններում՝ 7-8 բալ։ Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ սեյսմիկ վտանգը 2 բալով պակաս էր հաշվարկված։ Մյուս պատճառը շենքերի նախագծման, կառուցման եւ շահագործման ընթացքում թույլ տրված սխալներն էին։ Հանրապետությունում գործում են 2006թ. ընդունված՝ սեյսմակայուն շինարարության ազգային նորմերը, որոնք պարտավորեցնում են, օրինակ, Երեւանում շենքերը կառուցել 9 բալ վտանգի հաշվարկով։
Երեւանի ողջ տարածքում կարելի՞ է արդյոք բարձրահարկ շենքեր կառուցել։
Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող աշխարհի շատ քաղաքներում բարձրահարկ շենքեր են կառուցվում։ Երեւանում նույնպես կարելի է բարձրահարկ շինություններ կառուցել, եթե հաշվի առնվեն տվյալ տարածքի երկրաբանական առանձնահատկությունները, գրունտային պայմանները եւ անպայման պահպանվեն սեյսմակայուն շինարարության ազգային գործող նորմերը, որոնց մասին ես հիշատակեցի։ 1989թ. հետո կառուցված շենքերի սեյսմակայունությունն անհամեմատ ավելի բարձր է։ Հիշեցնեմ, որ Սպիտակի երկրաշարժի ավերածությունների 10 տոկոսը բնակիչների կողմից բնակարանների նախագծի ապօրինի ձեւափոխումների պատճառով էր։ Արդյունքում ունեցանք ավերված շենքեր եւ կործանված մարդկային կյանքեր:
Ինչպե՞ս կարելի է ապահովել նորակառույց բնակելի շինությունների սեյսմակայունությունը։
Առաջին հերթին անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել շինհրապարակների ինժեներաերկրաբանական եւ սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա կառուցվում է շենքը։ Նախագիծը պետք է անպայման մասնագիտական փորձաքննություն անցնի։ Շինարարության որակը հսկող եւ շինարարությունն իրականացնող կազմակերպությունները պետք է համապատասխան արտոնագրեր ունենան։ Հաստատված նախագծի նորմերի փոքր-ինչ խախտումն իսկ անթույլատրելի է։ Շինությունը շահագործելիս նույնպես անհրաժեշտ է պահպանել գործող բոլոր նորմերը։ Այդ դեպքում շենքերի սեյսմակայունությունը բարձր կլինի։
Հայաստանում աշխատանքներ տարվու՞մ են տագնապի ազդարարման համակարգ ստեղծելու ուղղությամբ։
Մենք Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում նախագիծ ենք մշակել ուժեղ երկրաշարժի դեպքում ՀԱԷԿ-ի համար ավտոմատ վաղ ազդանշանային համակարգ ստեղծելու համար։ Դրա էությունը հետեւյալն է. ՀԱԷԿ-ի շուրջը տեղակայված սեյսմիկ կայաններն ուժեղ երկրաշարժի դեպքում ավտոմատ կերպով ազդանշան են ուղարկում ՀԱԷԿ-ում տեղադրված սարքերին։ Դա թույլ կտա ավտոմատ կերպով անջատել կայանը։ Սեյսմիկ կայանները տեղակայվում են 30-50 կմ շառավղով։ Սեյսմիկ ալիքները, տվյալ տարածքի երկրաբանական առանձնահատկություններից կախված, տարածվում են վայրկյանում 4-6 կմ արագությամբ, իսկ էլեկտրամագնիսական ալիքները՝ 300 000 կմ/վրկ արագությամբ։ Սեյսմիկ եւ էլեկտրամագնիսական ալիքների տարածման ժամանակի տարբերությունը այս դեպքում 7-8 վայրկյան է։ Դա բավական է կայանն ավտոմատ կերպով անջատելու համար։ Նախագիծը դեռեւս չի իրականացվում թանկ լինելու պատճառով, բայց մենք հովանավորներ ենք փնտրում։ Նման համակարգ տեղակայվել է, օրինակ, Ճապոնիայի գերարագ երկաթուղային մայրուղիների վրա, եւ այն հաջողությամբ գործում է։
Ի՞նչ պետք է անել երկրաշարժի ժամանակ, եւ որն է բնակարանում ամենաապահով վայրը
Երկրաշարժի ժամանակ, եթե դուք գտնվում եք առաջին երեք հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից։ Սակայն, եթե դուք ավելի բարձր հարկերում եք գտնվում, ապա պետք է կանգնեք տան հիմնական պատերի անկյունում, դռների որմնախորշերի տակ՝ արտաքին պատերից եւ պատուհաններից հեռու։ Ուժգին երկրաշարժից հետո, եթե դուք արդեն փողոցում եք, չի կարելի անմիջապես տուն վերադառնալ։ Անհրաժեշտ է բաց տարածքում սպասել պաշտոնական հայտարարության։
Հաճախ երկրաշարժն ուղեկցվում է մարդկանց շրջանում առաջացած խուճապով։
Խուճապը բացարձակ անօգուտ, անշնորհակալ եւ անգամ վնասակար մի բան է։ Ամեն անգամ զգացված երկրաշարժից հետո հայտնվում են մարդիկ, ովքեր սկսում են լուրեր տարածել իբր սպասվող նոր, ավելի ուժեղ երկրաշարժի մասին։ Կարծես քիչ է արդեն կատարված երկրաշարժը, դեռ մի բան էլ մարդկանց վախեցնում են անհիմն լուրերով: Ոմանք դա դիտավորյալ են անում, ոմանք էլ՝ առանց հասկանալու նման ստահոդ լուրերի հետեւանքների ամենայն լրջությունը։ Ընդ որում, այդ միտումը նկատվում է բոլոր երկրներում եւ ամեն մի զգացված երկրաշարժից հետո։
Բնակիչների շրջանում մինչ օրս կա կարծիք, թե Սպիտակի երկրաշարժն «արհեստական ծագում» ուներ։
1988թ. Սպիտակի երկրաշարժն իրոք բնական պատճառներ ուներ։ Երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ այդ օջախում նախկինում նույնպես երկրաշարժեր եղել են։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ այնքան մեծ էներգիա էր դուրս նետվել, որը համապատասխանում է Հիրոսիմայի վրա նետված միանգամից 100 ատոմային ռումբերի պայթյունի էներգիային։ Երկրաշարժի օջախը եղել էր 10-12 խմ խորության վրա։ Մարդկությանն հաջողվել է նման խորության վրա իջնել միայն հորատման միջոցով եւ երկրագնդի միայն մեկ վայրում՝ Կոլա թերակղզում, ընդ որում հորատումը տեւել է 10 տարի։ Սպիտակի երկրաշարժը լավ ուսումնասիրված դասական երկրաշարժի օրինակ է՝ նախացնցումներով, հիմնական ցնցումով եւ հետցնցումներով։
Մարիամ Լեւինա




























