Հունվար-ապրիլի տվյալների համաձայն, սննդամթերքի արտադրության ծավալները, կազմելով 82.2 մլրդ դրամից (172.6 մլն դոլարից պակաս) քիչ ավելի, տարեկան կտրվածքով կրճատվել են 3.1%: Բնականաբար, մինչեւ գնորդ հասնելու ճանապարհին այդ ցուցանիշն աճում է հարկերի մեծությամբ: Միաժամանակ, «մինուսային» ազդեցություն է ունենում արտահանումը (հաշվետու ժամանակահատվածում՝ այդ ապրանքների արտադրության ծավալից շուրջ 4.4%-ով):
Բնակչության շնչի հաշվով սննդամթերքի արտադրության մասին պատկերացում կազմելու համար ներկայացնենք ապրանքների այդ խմբի մանրածախ գները: Եվ այսպես. ապրիլին 1 կգ տավարի մսի գինը կազմել է գրեթե 2.500 դրամ, իսկ դրանից ստացվող բաստուրմայի 1 կգ-ը՝ 8.800 դրամից քիչ պակաս:
Արտադրության ծավալներում ամենամեծ անկումը գրանցվել է հացի եւ հացամթերքի պարագայում: Հունվար-ապրիլին հացի արտադրությունը կրճատվել է 1.800 տոննայով (կամ 1.8%-ով), մակարոնեղենինը՝ 0.6 հազար տոննայով (34.7%):
Հունվար-ապրիլին դադարել է շաքարավազի «արտադրությունը», ինչպես նաեւ կրկնակի (51.7%-ով) կրճատվել է բուսական յուղի արտադրությունը: Դա այնքան էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով այդ ապրանքների, հատկապես՝ առաջինի արտադրության յուրահատկությունը:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը արտաքին առեւտրի մասին հրապարակման ժամանակ նշում է, որ դրանք «լիարժեք չեն»: Դատելով այդ «ոչ լիարժեք» տեղեկատվությունից՝ սննդամթերքի ներկրումը կրճատվել է 24.1 մլն դոլարով կամ գրեթե մեկ քառորդով:
Հասկանալի է, որ հայրենական արտադրությունում անկման ֆոնին տրամաբանական կլիներ հակառակն ակնկալել՝ ներկրման ակտիվացում: Բայց պայմանով, որ մյուս բոլոր գործոնները (բնակչության թվին ու վճարունակությունը եւ այլն) անփոփոխ մնան:
Հաշվի առնենք, որ արտադրողներն ու ներկրողները զգայուն են արձագանքում ապրանքների իրացման ոլորտի ցանկացած տեղաշարժի: Այդ պատճառով շուկայում սննդամթերքի ռեսուրսների կրճատումն ամենեւին էլ պատահական բնույթ չի կրում, այլ վկայում է երկրում լուրջ խնդիրների առկայության մասին:





























