Պետք է ժամանակավորապես դադարեցնել քաղաքական մարմին դարձած ՀԾԿՀ գործունեությունը: Այս մասին հայտարարություն է տարածել  «ԶԱՐԹՈՆՔ» գաղափարական-քաղաքական ակումբը:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի ներքին եւ արտաքին կյանքում ստեղծված իրավիճակն ահազանգելու առիթ է տալիս։ Համարյա բոլոր բնագավառներում առկա են ձախողումներ եւ արդյունքների զգալի անկում: Դրա վկայություններից են նաեւ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցող գործընթացները, որոնք տնտեսական գործոնից ամբողջությամբ վեր են ածվել քաղաքական գործոնի։ Սակագնի նախորդ թանկացումներն էապես նվազեցրին բնակչության կենսամակարդակը, իսկ մանր ու միջին շատ ձեռնարկություններ հայտնվեցին անելանելի վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները վերացրեցին իրենց մասնակցությունը երկրի էներգետիկ քաղաքականությանը` էներգետիկայի բնագավառը համարյա նվիրելով այլ երկրների մասնավոր եւ պետական կառույցների: «Չունես սեփականություն, չունես նաեւ այն պահպանելու հոգս, իսկ քաղաքացիները թող ապրեն ինչպես կարող են», -ահա կառավարության մոտեցումը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի գործող սակագների պայմաններում ոչ միայն հնարավոր է պատշաճ կազմակերպել ՀԷՑ-երի, էլեկտրաէներգիա արտադրող այլ կառույցների աշխատանքը՝ ապահովելով համապատասխան շահութաբերություն, այլեւ հնարավորություններ կան իջեցնելու սակագները: Ունենալով ատոմակայան, որը, բավական էժան գնով /5.7դրամ` կվտ.ժ/ արտադրում է երկրի էներգետիկ սպառման մոտ 30 %-ը, հիդրոէլեկտրակայաններ, որոնք դարձյալ մոտ 30% արտադրանք են տալիս /5 դրամ` կվտ.ժ/, ջերմաէլեկտրակայաններ, որոնցից Երեւան ՋԷԿ-ը` 20%-ը /18դրամ՝ կվտ․ժ/, Հրազդանի ՋԵԿ-երը մոտ 20% /37դրամ՝ կվտ.ժ/, սակայն սպառում ենք տարածաշրջանում ամենաթանկ էլեկտրաէներգիան /42 դրամ` կվտ.ժ/: Տվյալ պարագայում էլեկտրաէներգիան թանկանում է, քանզի էներգակիր ներկրողը, էլեկտրաէներգիա արտադրողն ու այն բաշխողն իրականում նույն կառույցն է, որին հուզում է լոկ ներխմբային, ավելին՝ օտար պետության շահը: Իսկ թանկացնելու առիթ եւ՛ վաճառողը, եւ՛ իշխանությունը միշտ են գտնում. բերվում են «փաստարկներ», ելույթ են ունենում «մասնագետներ», հրամցվում են թվեր, կարծիքներ եւ այլն:

Ստեղծված իրավիճակը կրկին ապացուցում է, որ պետական եւ հանրային շահը ստորադասվում է մի խումբ մարդկանց անձնական շահերին։ Այն հետեւանք է համակարգում տիրող ամենաթողության, կոռուպցիայի եւ ապաշնորհ կառավարման` ի դեմս պետության գործառույթներն իրականացնող մարմինների եւ նրանց հետ համագործակցող արտադրող-վաճառող կառույցների: Բնագավառը պետք է կարգավորի պետությունը` իր կողմից ստեղծված պետական անկախ կարգավորող հանձնաժողովի միջոցով, որը, սակայն, իրականության մեջ անկախ է միայն սպառողից: Ստեղծման օրվանից այդ հանձնաժողովը չի կարգավորել եւ չի էլ կարող կարգավորել բնագավառը, որովհետեւ չի իրականացնում իր միակ՝ սպառողների եւ արտադրող-վաճառողների շահերի հավասարակշռման գործառույթը:

«ԶԱՐԹՈՆՔ» գաղափարական-քաղաքական ակումբը բողոքի ձայն է բարձրացնում եւ կոչ անում երկրի իշխանությանը նշված խնդիրը լուծելու նպատակով ժամանակավորապես դադարեցնել քաղաքական մարմին դարձած պետական հանձնաժողովի գործունեությունը, ստեղծել աշխատանքային խումբ, որի մեջ կներառնվեն հանրային վստահություն ունեցող բարձրակարգ անկախ մասնագետներ եւ, օգտագործելով այս բնագավառին հատկացված պետական կարգավորման գործառույթները, ֆինանսական եւ կազմակերպչական միջոցները, իրականացնել էներգետիկայի ոլորտի բոլոր կառույցների կողմից ներկայացված գների հայտերի մանրամասն ուսումնասիրություն, թույլ չտալ սակագնի սահմանում` մինչեւ այս աշխատանքային խմբի կողմից վերլուծության ներկայացումը եւ հանրային քննարկումը։

Ակումբը պատրաստ է քննարկելու վերն արծարծված խնդիրները պետական, քաղաքական եւ հանրային շահագռգիռ կառույցների եւ կազմակերպությունների հետ եւ լուծումներ առաջարկել ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ: