Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի կողմից չպետք է պարտադիր կերպով նշանակի վավերացում նաեւ Հայաստանի կողմից: Այս մասին օգոստոսի 10-ին,  Սեւրի դաշնագրի ստորագրման 90-ամյակի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Չպետք է թողնենք, որ վավերացման մասին մեր խորհրդարանի որոշումը ուղղակիորեն ածանցվի Թուրքիայի խորհրդարանի որոշումից»,-ասաց Մելքոնյանը: Նրա խոսքով՝ հայ-թուրքական արձանագրություններում առկա է մի կետ, որն, ուղղակիորեն, խաչ է քաշում Սեւրի դաշնագրի վրա: Դա վերաբերում է Հայաստանի  եւ Թուրքիայի միջեւ եղած սահմանի փաստացի ճանաչմանը: «Ի՞նչ է նշանակում «դե յուրե» ճանաչում Ախուրյան-Արաքսը որպես պետական սահման Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Այսօր ե’ւ Հայաստանը, ե’ւ Թուրքիան ՄԱԿ-ի անդամ են, ու այդ արձանագրությունների վավերացումը կնշանակի Հայաստանի կողմից այդ սահմանի ճանաչում»,-նկատեց պատմաբանը: Հայաստանն, ըստ նրա, պետք է կարեւորի Սեւրի դաշնագիրը, որը ՀՀ տարածքը սահմանում է 160 հազար ք/կմ եւ որի համաձայն  ՀՀ մաս պետք է կազմեն Տրապիզոնի, Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթների տարածքի զգալի մասը:

Մելքոնյանն, այս համատեքստում, հիշեցրեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի բացատրությունները թուրքական խորհրդարանում այն մասին, թե իբր հայ-թուրքական արձանագրություններով, Հայաստանը վերջապես հրաժարվում է Սեւրի պայմանագրից ու ճանաչում է Կարսի պայմանագիրը: «Այս հայտարարություններն իրենց մեջ ինչ-որ իմաստով ճշմարտություն են պարունակում»,-նկատեց պատմաբանը, միաժամանակ հավելելով, որ թուրք պաշտոնյայի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Թուրքիան իրապես վախենում է Սեւրի դաշնագրից: