Հայաստանի բիզնեսմենների մեծ մասը, թողնելով ամեն ինչ, փորձում է շահ գտնել թանկացման վերաբերյալ ամենափոքր տեղեկատվությունից եւ միանգամից թանկացնում է իր ներկրած ապրանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը: Նա, անդրադառնալով հացի եւ հացամթերքի վերջին թանկացումներին, նկատեց, որ Ռուսաստանում, որտեղից ներկրվում է հացահատիկը, թանկացում չի արձանագրվել, այլ ընդամենը այդ երկրի կողմից արգելվել է հացահատիկի հետագա արտահանումը: «Հայաստանում միանգամից թանկացան ալյուրն ու հացամթերքը: Սակայն բոլորս հասկանում ենք, որ թանկացած ալյուրը դա նոր ներկրված ալյուրը չէ: Եւ վստահ եմ, որ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը տեղի ունեցած թանկացումների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի»,-նշեց Եղոյանը: Սակայն, նրա խոսքով, ցորենի թանկացման հետ կապված մյուս հացազգիների թանկացումը բոլորովին անհիմն է եւ այն կարելի է անվանել «հիստերիկ թանկացում»:

«Հայաստանում ալյուրի եւ հացի արտադրության շուկան անառողջ շուկա է: Մեզ մոտ ալյուրի թանկացումը միշտ բերում է հացի թանկացման, սակայն ոչ մի անգամ այլուրի էժանացումը հացի էժանացման չի բերում: Եւ  այն, ինչ տեղի է ունենում այժմ, դրա վառ ապացույցն է»,-նկատեց «Սպառողների իրավունքների պաշտպանության» ղեկավարը: Ըստ նրա՝ դեռեւս հայտնի չէ, թե դեռ որքա՞ն պետք է թանկանան ալյուրն ու հացամթերքը: «Եթե անգամ հաշվարկվի ալյուրի եւ հացի գների կախվածությունը, վստահ եմ, որ այն թանկացումները, որոնք հիմա գնում են, համարժեք չեն»,-նշեց նա:

Հարցին, թե տեղի ունեցած անհիմն թանկացումներին պատկան մարմիններն ինչպե՞ս պետք է արձագանքեն, Եղոյանը պատասխանեց. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է որոշակի վերաբերմունք ցույց տալ, բայց դրա համար այդ մարմինը պետք է հավաքի տեղեկատվություն, թե արդյոք հացամթերքը թանկացնողները նոր ներկրումներ արե՞լ են, թե` ոչ: Վերաբերմունքը պետք է լինի նախկին տարվա շրջանառության երկու տոկոսի չափով  տուգանքի նշանակումը եւ գները նախկին վիճակին բերելը»: Իսկ թե ո՞վ պետք է փոխհատուցի այն սպառողներին, ովքեր  ստիպված են եղել անհիմն կերպով թանկացած ապրանք ձեռք բերել, հարցին Եղոյանն արձագանքեց. «Մենք այս խնդրի վերաբերյալ ժամանակ առաջ առաջարկներ ենք ներկայացրել, օրինակ՝ կրկնապատկել պատժամիջոցները եւ այդ միջոցների կեսով հիմնադրամ ստեղծել, որի ռեսուրսների 2,5 տոկոսը կուղարկվի բյուջե, եւս 2,5 տոկոսը՝ արտաբյուջետային հիմնադրամ: Հենց այդ միջոցներով էլ փոխհատուցում կտրվեր սպառողներին: Ցավոք մեր առաջարկը մերժվեց եւ այժմ սպառողների կրած վնասը փոխհատուցելու որեւէ մեխանիզմ չկա»,-նշեց փորձագետը:   

Նշենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հացը թանկացել է մոտ 30, իսկ ալյուրը՝ շուրջ 20 տոկոսով: