Ամեն ամառ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնը Ծաղկաձոր քաղաքում կազմակերպում է ամառային ճամբար` կրթահամալիրի սաների, ինչպես նաեւ Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերի, Երեւանի, Ծաղկաձորի, Ջավախքի եւ այլ վայրերի ծնողազուրկ եւ կարիքավոր երեխաների համար: Ճամբարականների ընտրությունը կատարվում է Երեւանի Սոցապ նախարարության, Գյումրիի քաղաքապետարանի եւ մարզպետարանի, մի շարք բարեգործական կազմակերպությունների, գյուղապետարանների, մանկատների տրամադրած ցուցակների համաձայն:
Ճամբարն ապահովում է երեխաներին հագուստեղենով, ինչպես նաեւ կազմակերպում կրոնի պատմության, երգ ու պարի, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների, համակարգչի, մարմնամարզության, նկարչության, կարի եւ ասեղնագործության դասեր: Երեխաները ճամբար են գալիս 4 տարբեր խմբերով, յուրաքանչյուր խմբում` մոտ 210 երեխա, եւ մնում 17 օր: Ճամբարի առաջին խումբը սկսվել է հունիսի 17-ին, իսկ վերջին խումբը կավարտվի օգոստոսի 23-ին:
Ճամբարում ներկայումս հանգստանում է ավելի քան 210 երեխա Հայաստանի տարբեր մարզերից: Մինչեւ ամռան ավարտը մոտ 850 երեխա կմասնակցի ճամբարային ծրագրին:
«Տիրամայր Հայաստանի»-ն ցանկություն է հայտնել, որ բոլոր երեխաները մկրտված եւ դրոշմված գան ճամբար: Հակառակ դեպքում ճամբար եկող չմկրտված երեխաները` պատասխանատուների գրավոր համաձայնությամբ, մկրտվում են Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կամ Ճամբարի Սուրբ Աստվածածին մատուռում: 2010 թվականի ճամբարի ծրագրում արդեն 158 երեխա է մկրտվել եւ դրոշմվել առաջին երեք հերթափոխերի ընթացքում:



























