Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը՝ «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. հետո» խորագրով միջազգային համաժողովի բացման խոսքում:
«Ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին եւ մաղթում բարի գալուստ մեր երկրի հյուրերին: Հատկանշական է, որ այս խորագրի ներքո թվով երրորդ խորհրդաժողովը համընկնում է Միավորված ազգերի կազմակերպության եւ նրա հատուկ գործակալության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի հետ, որի շրջանակներում իրականացվող միջոցառումները լավագույն հնարավորություն են` ամփոփելու անցած յոթ տասնամյակների ձեռքբերումները, նախանշելու ներկայիս մարտահրավերներն ու հնարավոր լուծումները: Ստեղծվելով երկրորդ աշխարհամարտից հետո եւ հաշվի առնելով նաեւ այդ սարսափելի պատերազմի դասերը՝ այս միջազգային կազմակերպություններն իրենց առջեւ նպատակ դրեցին նպաստել աշխարհում խաղաղության ամրապնդմանը, համամարդկային արժեքների առաջ մղմանը:
Միայն քաղաքական եւ տնտեսական գործոնները բավական չեն ժողովուրդների եւ պետությունների միջեւ տեւական խաղաղության կառուցման ճանապարհին: Այս առումով ոչ պակաս կարեւորություն է ներկայացնում մշակութային գործոնը: Անցած ժամանակաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգալի ջանքեր գործադրեց աշխարհում մշակութային բազամազանության, միջմշակութային երկխոսության, մշակութային արժեքների պահպանության եւ միջքաղաքակրթական համերաշխության ամրապնդման ուղղությամբ:
Ցավոք, պատմության ընթացքում տարատեսակ ավերիչ բռնությունները բնաջնջել են քաղաքակրթություններ, ոչնչացրել, արմատախիլ արել մշակույթներ իրենց բնօրրաններից։ 21-րդ դարում աշխարհի տարբեր տարածաշրջաններում մշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, ինչպիսին են, օրինակ, Աֆղանստանում 2001 թվականին Բուդդայի արձանների, Նախիջեւանում ադրբեջանական բանակի կողմից Ջուղայի հայկական խաչքարերի, մի քանի շաբաթ առաջ սիրիական քաղաք Պալմիրայում 2000-ամյա պատմություն ունեցող հուշարձանների ոչնչացումը, վկայում են, որ կրոնական եւ ազգային ատելության դրսեւորումները հավասարապես ուղղված են մշակութային արժեքների դեմ: Այսօր Մերձավոր Արեւելքում վտանգի տակ են հայտնվել այնպիսի մշակութային կոթողներ, որոնք պահպանվել են հազարամյակներ շարունակ:
Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Մեծ մտահոգությամբ հետեւելով Իրաքում եւ Սիրիայում տիրող իրավիճակին՝ մեր աջակցությունն ենք հայտնում «Միացիր հանուն ժառանգության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը: Հուսով ենք, որ միջազգային հանրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով կարող է էական դերակատարություն ունենալ այնպիսի արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կանխարգելել մշակութային վանդալիզմի դրսեւորումներն ապագայում:
Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն սկսվեց հենց հայ մտավորականության եւ մշակույթի գործիչների ձերբակալումով եւ սպանությամբ: Հայոց ցեղասպանության նպատակը ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, այլ նաեւ՝ հազարամյակների պատմություն ունեցող եւ ողջ աշխարհում հարգանք վայելող մեր մշակութային ներուժի ոչնչացումը: Այդ պատճառով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում մենք նաեւ ոգեկոչում ենք այն հսկայական ժառանգությունը, որը մենք կորցրեցինք ցեղասպանության հետեւանքով: Ցավալի էր, որ 100-րդ տարելիցին մենք ականատես եղանք ահաբեկիչների կողմից սիրիական Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրմանը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող սրբատեղի էր: Սա, միեւնույն ժամանակ, խորհրդանշական կապի վկայություն է մարդկության դեմ անցյալում եւ այսօր գործած հանցագործությունների միջեւ: Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, ատելության եւ անհանդուրժողականության ուժերը իրենց նպատակին հասնելու ճանապարհին առաջին հարվածն ուղղում են հենց մշակութային արժեքների վրա, քանզի մշակույթը սերունդների միջեւ կամրջող օղակ է հանդիսանում:
Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը եւ գտնվելով մշակույթների եւ կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել։ Այս միջքաղաքակրթական փոխազդեցությունն արգասաբեր է եղել մեր մշակույթի համար եւ հարստացրել է նաեւ այլ մշակույթներ։ Հազարամյակներ ձգվող նման քաղաքակրթական փոխկապվածության կարեւոր ձեռքբերումներից է այլ մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի կողմից փայփայված հարգանքի դրեւորումը, որի վկայության օրինակներ են, մասնավորապես, Երեւանի կենտրոնում գտնվող, վերականգնված, 1766 թվականին կառուցված պարսկական Կապույտ մզկիթը, Եղեգիս քաղաքի մոտակայքում գտնվող 13-րդ դարի հին հրեական գերեզմանատունը եւ բազմաթիվ այլ օրինակներ:
Դարերի ընթացքում ստեղծված մշակութային ժառանգությունը մեծագույն հարստություն է այն երկրների համար, որտեղ դրանք գտնվում են: Միահյուսելով տարբեր ազգերի պատմությունը՝ այն ճանապարհ է հարթում համագործակցության, զբոսաշրջության եւ կայուն զարգացման համար: 2009թ.-ից իրականացվում է «Հայաստանում մշակույթի եւ զբոսաշրջության ուղիները զարգացման եւ երկխոսության համար» ծրագիրը, որը նպատակաուղղված է ապահովելու մշակութային ժառանգության պահպանությունը, ներառյալ՝ նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքները, եւ մշակութային զբոսաշրջության զարգացումը` ներգրավելով այն վայրերը, որտեղ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանները եւ առկա են ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր կայուն զարգացման հրամայականն առավել քան արդիական է: Անհերքելի է մշակույթի դերը հասարակության կայուն զարգացման գործում, որի առանցքում մարդն ու հասարակությունն են՝ իրենց ներդաշնակ զարգացման, բարեկեցության ապահովման եւ խաղաղության ձգտումով: Այս պարզ իմաստության հստակ գիտակցումը եւ ճիշտ ընկալումը մարդկության կողմից կարող է հզոր խթան հանդիսանալ ոչ միայն տնտեսական զարգացման, այլեւ՝ աշխարհում կայունության եւ խաղաղության ամրապնդման համար: Հուսով եմ, որ այս համաժողովը եւս կծառայի այս վեհ գաղափարներին:
Շնորհակալություն:





























