Վերջին օրերին ռուսական մամուլը հոդվածներ է հրապարակել Հայաստանում «Յուկոսի» դուստր ընկերություններից մեկի մասին, որի գույքին տիրանալու համար միջազգային դատական գործընթացներ են տեղի ունենում։ «Յուկոսը» Ռուսաստանի խոշորագույն նավթագազային ընկերությունն էր 90-ականների վերջին, բայց այն բանից հետո երբ ընկերության սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին սկսեց քննադատել կառավարությանը, ընկերության դեմ մեղադրանքներ հնչեցին հարկերից խուսափելու եւ փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։ Դատական կարգով 2004 թ. «Յուկոսը» լուծարվեց, նրա առավել արժեքավոր ակտիվներն անցան «Գազպրոմին» կամ «Ռոսնեվթին», իսկ ընկերության ղեկավարները կա'մ կալանավորվեցին, կա'մ փախան արտասահման։

Բայց դրանով «Յուկոսի» պատմությունը չավարտվեց։ «Յուկոսի» իրավահաջորդ Yukos Capital ընկերությունն այս տարի Հաագայի դատարանում կարողացավ շահել «Ռոսնեվթի» դեմ ուղղված հայցը՝ նախկին պարտքերը վերադարձնելու խնդրով։ Ռուսական ընկերությունը ընդունեց միջազգային դատարանի որոշումը եւ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունների հաշիվներին փոխանցեց մոտ 13 մլրդ ռուբլի (մոտ 400 մլն դոլար)։ Միեւնույն ժամանակ՝ «Ռոսնեվթ»-ը տարածեց մամլո հաղորդագրություն, ըստ որի՝  այդ գումարները հետ են ստանալու Հայաստանում գրանցված Yukos CIS ընկերության միջոցով, որը դուստր ընկերություններ ունի Հայաստանի սահմաններից դուրս, ամենայն հավանականությամբ՝ նույնպես Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Ըստ այդ հաղորդագրության՝ ներկայում Հայաստանում եւ Հոլանդիայում դատական գործընթացներ են տեղի ունենում Yukos CIS ընկերության գույքի սեփականության իրավունքը պարզելու համար։

Նշենք, որ Հայաստանի էներգետիկայի նախարարությունը 2003 թ. հետո մի քանի անգամ հերքել է լուրերը, ըստ որոնց «Յուկոսը» Հայաստանում ակտիվներ ունի։ Սակայն այն հանգամանքը, որ «Յուկոսի» փոխնախագահը հայ էր (Վասիլի Ալեքսանյան, բանտից ազատվել է անցած տարվա հունիսին), արտասահմանյան լրատվամիջոցներին մշտապես հիմք է տվել կարծելու, որ «Յուկոսի» որոշ ֆինանսական գործարքներ տեղի են ունեցել Հայաստանի դուստր կազմակերպության միջոցով։ Ռուսական gzt.ru-ն օգոստոսի 11-ին գրել է, որ «Յուկոսի» լուծարումից հետո «Ռոսնեվթը» կարողացել է տիրանալ ընկերության հայաստանյան ակտիվներին, ինչը վիճարկվում է «Յուկոսի» իրավահաջորդների կողմից։ «Վիճարկվում է նաեւ Yukos CIS-ի տնօրենի պաշտոնում Նիկիտա Տոստիկովի նշանակումը, որին «Ռոսնեվթը» կարողացավ հասնել Հայաստանի իշխանությունների վրա ահռելի քաղաքական ճնշումների արդյունքում»,- գրում է gzt.ru-ն։ Այսպիսով՝ հայկական այս ընկերության ճակատագրից է կախված, թե ում բաժին կհասնեն 400 մլն դոլարը։