Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջով «Ոտքի Հայաստան» նախաձեռնության արդեն 4-րդ օրը  անցկացվող շուրջօրյա նստացույցը Հանրապետության հրապարակում գիշերը խաղաղ է անցել, առանց միջադեպի: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Վահագն Լեւոնյանը:

«Գիշերն իդեալական է անցել: Մեր եւ ոստիկանների միջեւ ոչ մի արտառոց միջադեպ չի գրանցվել: Մեզ հսկող ոստիկանների թիվն այնքան էլ մեծ չէր»,-ասաց նա:

Վահագն Լեւոնյանը նաեւ նշեց, որ հուլիսի 29-ին  Հանրապետության հրապարակում ինքնազգացողությունը վատացած եւ «Շտապօգնության» մեքենայով հիվանդանոց տեղափոխված «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունն արդեն լավացել է, եւ նա այսօր կմիանա իրենց:

«Ոտքի Հայաստան» շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Ակտիվիստները գիշերել են Հանրապետության հրապարակում։ Գիշերը խաղաղ է անցել, առավոտից վերսկսվել են ակտիվիստների անհնազանդության ակցիաները։

Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։