Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Զարղալի գյուղում թուրքական ռազմաօդային ուժերի հարվածների ժամանակ միայն ահաբեկիչներ են եղել: Սակայն ֆրանսիական «Liberation»-ի թղթակցին հաջողվել է լինել Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ լեռներում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) բազաներում եւ ամեն ինչ տեղում պարզել: Պարբերականում հրապարակված հոդվածում նշվում է.
«Իրաքյան Քուրդիստանում ՔԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Զագրոս Խիվան ցույց է տալիս, թե ինչ է մնացել Զարղալի գյուղից: Այս փոքրիկ գյուղը ռմբակոծել է թուրքական ավիացիան: Տանիքների եւ պատերի փլատակներում արյուն է: ՔԱԿ-ը Թուրքիային մեղադրում է կուսակցության հետ ոչ մի կապ չունեցող 9 խաղաղ բնակչի սպանության մեջ: «Նրանց մեջ ՔԱԿ անդամներ չկային: Մենք լեռներից եկած փախստականներ ենք, այլ ոչ թե գյուղերից: Այդպես է եղել բազմաթիվ տարիներ, եւ թուրքերը լավ գիտեն դա»,- հայտարարեց նա:
Ռազմական միավորումների ներկայությունը ոչինչ չի մատնում՝ բացի լեռների մոտ անցակետից: Իսկ ներսում այն մասին, որ տարածքն ապստամբական է, հիշեցնում են միայն Աբդուլլահ Օջալանի դիմանկարները: Չնայած ՆԱՏՕ-ն պաշտոնապես ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն կուսակցությունն արդեն մեկ տարի ԻԼԻՊ-ի դեմ պայքարի խորհրդանիշ է դարձել: Իրաքում եւ Սիրիայում կազմակերպությունն օգնում է տեղի քրդական ուժերին՝ այնտեղ տղամարդկանց եւ կանանց ստորաբաժանումներ ուղարկելով:
Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական հայտարարությունում վստահեցրեց, որ «Զարղալիի ահաբեկչական ճամբարում խաղաղ բնակիչներ չկան: Միայն Քրդական աշխատավորական կուսակցության ազդեցիկ դեմքեր»: Սակայն ավերված տներում զինանոցի որեւէ հետք չկա, միայն այս ու այն կողմ թափված մանկական խաղալիքներ ու հեծանիվներ, կենցաղի իրեր:
30-ամյա Արաս Զերար Աբդուլլան, ռումբերի աղմուկը լսելուց հետո, եկել է հարեւան գյուղից: «Ես մեռած երեք կին ու մեկ երեխա տեսա: Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեին ՔԱԿ-ի հետ»,- ընդգծեց նա: «Մենք պարտավոր ենք պատասխանել թուրքերի հարձակումներին: Բայց մեր ռազմավարությունը հիմնված չէ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքի վրա: Մենք քաղաքական եւ խաղաղ լուծում ենք ցանկանում»,- ասում է Զագրոս Խիվան:
Ավիահարվածների սկզբից ի վեր Թուրքիան հաղորդել է ՔԱԿ-ից 260 սպանվածի մասին: Խիվայի խոսքով՝ միայն 9 «նահատակ» կա: Ի պատասխան՝ քուրդ ապտամբները 17 թուրք զինծառայող են ոչնչացրել»:





























