Ամերիկյան «Contour Global» ընկերությունն առայժմ չի պատրաստվում նոր վարկեր վերցնել Որոտանի կասկադ ՀԷԿ-ի վերազինման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ընկերության ներկայացուցչության տնօրեն Արա Հովսեփյանը:
«Վարկային բեռ առայժմ չունենք: Մտքեր կան, բայց դեռեւս բանակցություններ չենք սկսել»,- ասաց Հովսեփյանը: Նրա խոսքով, 51 մլն եվրոյի չափով վարկը, որը 2010 թվականին վերցրել են գերմանական KfW բանկին՝ Որոտանի կասկադի վերազինման համար, ներդրողին չի փոխանցվել: Այն կշարունակի մարել Հայաստանի կառավարությունը:
Հիշեցնենք, որ Որոտանի կասկադ ՀԷԿ-ը վաճառվել է 85 մլրդ 813 մլն դրամով (180 մլն դոլար): Այն Հայաստանի խոշորագույն հիդրոէներգետիկ համալիրն է: 2014 թվականին ՀԷԿ-ը 833.1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրել. երկրում արտադրված էներգիայի 10.7%-ը:





























