«Հայոց աշախր» թերթն անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին, գրում է, որ դրան մասնակցել-չմասնակցելու առումով հասարակության մեջ առկա կարծիքները տարբեր են։  Երգիչ, երգահան Վահան Արծրունին, օրինակ, «Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում ասել է. «Թուրքերը գիտեն առիթը ոնց օգտագործել ի նպաստ իրենց։ Արդեն որերորդ անգամ նրանք պիտի մերոնց օգտագործեն իրենց նախապատրաստած սցենարի մեջ։ Մերոնք էլ պիտի դերակատարություն ունենան հօգուտ Թուրքիայի։

Ինձ համար զարմանալի է եւ մի քիչ էլ անհասկանալի, որովհետեւ բոլորը շատ լավ գիտակցում են, որ այս ամենը քաղաքական ակցիա է, եւ այդ ակցիան ի նպաստ թուրքական կողմի է։ Դրանով թուրքերը ցույց են տալիս՝ որքանով են իրենք հանդուրժող, հայասեր եւ այլն։ Իսկ մերոնք շատ լավ հասկանալով, որ խամաճիկ են լինելու նման խաղի մեջ, իրենց դերակատարությունն են ունենում։

Սա ինձ չի զարմացնում արդեն, որովհետեւ առաջին անգամը չէ, երկրորդ միջադեպն է արդեն։ Գնալ մասնակցելն ինձ համար ընդունելի չէ, բայց լրիվ հասկանալի է։ Ինչ վերաբերում է Մայր Աթոռի որոշմանը, ապա այն միանշանակ գնահատելը դժվար է։ Մանավանդ մինչ այդ, հիշում եք, կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել էր Ստամբուլ։  Իմ խորին համոզմամբ, թշնամի պետության տարածքում որեւէ ակցիայի մասնակցելը, կառավարական կամ պաշտոնական եւ կամ եկեղեցական մակարդակով անընդունելի եւ անհասկանալի է»։

Իսկ բանաստեղծ Արտեմ Հարությունյանն այլ կարծիք է հայտնել. «Կարծում եմ, պետական մակարդակով մասնակցություն պիտի լինի սեպտեմբերին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին։ Անպայման պիտի մասնակցել։ Խռովկան աղջիկ չպիտի լինել։ Այդպիսով է շատ բան ջրի երես դուրս գալիս։ Գտնում եմ, որ կապերը պետք է ընդլայնենք, ոչ թե խելահեղորեն, ամեն առաջարկ ընդունելով, այլ ընդունելով այն առաջարկները, որոնք մեր մշակութային արժեքներին են վերաբերում։ Եթե կարողանում ենք այդ համատեքստում մուտք գործել եւ ցույց տալ, որ Աղթամարի Սուրբ Խաչը հայկական արժեքավոր հուշարձան է մեր ապուպապերի հինավուրց հողում, արդեն լուրջ բան է»։