Վաղը, Երեւանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքվելիք ռազմաստրատեգիական պայմանագիրը, ավելի ճիշտ`1995 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրի փոփոխությունների խնդիրը, ըստ «Ազգի» խմբագրի, դեռեւս երկար ժամանակ զբաղեցնելու է քաղաքական վերլուծաբանների միտքը: «Այդ պայմանագրային փոփոխությունները տարողունակ են ամեն տեսակետից եւ երկար ժամանակի համար վճռորոշ են լինելու ոչ միայն Հայաստանի, ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Հարցադրումներ, մտավախություններ ու կասկածներ արդեն արտահայտվում են ամեն կողմից, եւ քիչ են լիարյուն ու լիարժեք հավանության արտահայտությունները:
Առաջին հերթին հարցադրման է ենթարկվում պայմանագրային փոփոխությամբ նախատեսվող 49 տարվա ժամկետը: 2020 եւ 2044 թվականների միջեւ 24 տարվա տարբերություն կա` լի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր զարգացումների ու շրջադարձային փոփոխությունների հավանականությամբ: Ավելի քան 8 նախագահական պաշտոնավարման շրջան Հայաստանի եւ 7` Ռուսաստանի համար: Եվ ինչպես 1995-ին քննադատում էին ՀՀ առաջին նախագահին մեկ անգամից 25 տարով պայմանագիր կնքելու համար, այժմ առավել խիստ են քննադատությունները:
Մանավանդ որ, ինչպես կարելի է հասկանալ նորացված պայմանագրի նախագծից, կողմերը կարող են հնգամյա հատվածներով հետագայում երկարաձգել «պայմանագրի գործողության հերթական ժամկետները»: Դա, փաստորեն, պարզապես հավերժական պայմանագիր կարող է լինել, որտեղ թելադրողն անշուշտ է՛ եւ լինելու է Մոսկվան»,-եզրակացնում է «Ազգ»-ը:



























