Կոնտեյներներով հագուստի ներմուծումը Հայաստան իրականացվում է օրինական կարգով։ Այդ մասին  NEWS.am-ին հայտնել է հանրապետության ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը։

Նրա խոսքով, իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե ներմուծողները հագուստ եւ այլ՝ հատավաճառ, ոչ պարենային արտադրանք են ներկրում փակ կոնտեյներներով, առանց վերահսկողության։ 

«Կոնտեյների փակ լինելը ոչինչ չի փոխում։ Մաքսատանը սկանավորող սարք կա, եւ մենք շատ լավ տեսնում ենք պարունակությունը», - հայտարարել է Ալավերդյանը։

Ապրանքի զննության ընթացքում Ֆինանսների նախարարության համար գլխավորն այն է, որ խմբաքանակի ծավալը էականորեն չտարբերվի հայտարարագրված ծավալից, արժեքն էլ՝ շուկայական արժեքից։

«Բնական է, մենք հատ-հատ չենք հաշվում յուրաքանչյուր վերնաշապիկը կամ մանկական գուլպաների ամեն զույգը։ Դա ֆիզիկապես անհնար է», - պարզաբանել է փոխնախարարը։ Այդ ընթացակարգն անցնում է ցանկացած ներմուծված ապրանք՝ անկախ նրանից, թե արդյոք գործարարն ինքն է ներմուծել այն, թե կոնտեյներական ընկերությանն է պատվիրել դա»։ 

Նա «մտացածին» է որակել այն հայտարարությունները, թե նման ընկերություններն ապրանք են ներմուծում առանց վերահսկողության եւ հաշիվ-ապրանքագրի։

Ամեն դեպքում ներմուծողը պիտի հաշիվ-ապրանքագիր ունենա։ 2014 թվականի դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն, պարզեցվել է հաշիվ-ապրանքագրի կազմման եւ մանր առեւտրականներին տրամադրման եղանակը։ «Բայց այն պայմանով, որ  վերադիր ծախսերն էականորեն չտարբերվեն շուկայականից», - ընդգծել է Ալավերդյանը։