Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Բոինգ» ընկերության ներկայացուցիչներ Մհեր Պապյանին եւ Մաքս Նիլովին, եւ նվանց հետ քննարկել Հայաստանի ավիացիայի ոլորտի ներկայիս վիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
«Բոինգ» ընկերության ներկայացուցիչները, մասնավորապես, ներկայացրել են մեր երկրի ավիացիայի շուկայի գնահատման եւ ընդհանուր զարգացումների վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները: Նրանք նշել են, որ ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումը դրական ազդեցություն է ունեցել շուկայի զարգացման վրա, եւ ներկայումս բիզնես միջավայրը նպաստավոր է ոլորտում առաջընթացը խթանելու համար:
Կողմերը քննարկել են Հայաստանի ավիացիայի բնագավառի բարեփոխմանն ուղղված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին շուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականությանը, թռիչքների ժամկետներին եւ այլ հարցերի:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել «Բոինգ» ընկերության ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության եւ խորհրդատվության համար ու կարեւորել համագործակցության շարունակումը:




























