Երեւանում մետրոյի 2 նոր կայարանի շինարարության նախագիծը քաղաքապետարանը ցանկանում է առավելագույնս էժանացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը՝ մեկնաբանելով մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում երկու նոր կայարանների շինարարության նախագիծը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո սառեցվել էր:

Հաշվի առնելով Աջափնյակի բնակեցվածությունը, EBRD-ի դրամաշնորհի շրջանակում հրավիրված եվրոպացի խորհրդատուներն առաջարկել են կայարաններից մեկը Հալաբյան փողոցի կեսից տեղափոխել դեպի վերջ՝ Հանրապետական հիվանդանոցի մոտ, իսկ մյուսը թողնել Գեւորգ Չաուշի հրապարակի մոտ (15-րդ եւ 16-րդ թաղամասերի միջեւ): Եվրոպացի մասնագետները 4 տարբերակ են առաջարկել: Ամենաէժանը՝ մեկ ուղիով, գնհատվել է 160 մլն եվրո, ամենաթանկը՝ 260:

«Կարծում ենք, որ մեկ ուղիով տարբերակը, երբ գնացքները մեկնում եւ վերադառնում են հերթով, իսկապես կարող է լավ լուծում լինել: Բայց կարծում եմ, որ նույնիսկ 160 մլն եվրոն մեծ գումար է մեր երկրի եւ մեր քաղաքի համար»,- նշեց Նիկոյանը:

Այդ պատճառով քաղաքապետարանն առաջարկել է քննարկել առավել էժան տարբերակներ, օրինակ՝ քիչ բնակեցված որոշ վայրերում երկաթուղին վեր հանելով: Այդ դեպքում նախագիծն ավելի էժան կլինի: «Եթե վերջնական գումարը հասանելի լինի մեր քաղաքի բյուջեին, ապա վստահ եմ, որ մեզանից շատ ոչ ոք շահագրգռված չի լինի շինարարության հարցում՝ ի շահ քաղաքացիների»,- ամփոփեց փոխքաղաքապետը:

Նշենք, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի Հրազդան գետ ելք է կառուցվել, սակայն դեպի աջ ափ՝ Աջափնյակ, մետրոկամուրջ չի կառուցվել: ԽՍՀՄ վերջին տարիներին սկսված կայարանների շինարարությունը հետագայում չի շարունակվել: