«Ժամանակը» զրուցել է Carnegie endovment հաստատության մոսկովյան բաժանմունքի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոյի հետ:

Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Պարոն Մալաշենկո, երկու օրից ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանում կստորագրի արձանագրություն՝Հայաստանում  ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման եւ Հայաստանի անվտանգության հարցում դրանց դերի մեծացման վերաբերյալ: Ինչի՞ հետ եք կապում պաշտոնական Մոսկվայի այս ձգտումը:

Ակնհայտ է եւ միանգամայն հասկանալի, որ Ռուսաստանը՝ որպես գերտերություն իր շահերն է հետապնդում Կովկասում եւ հետխորհրդային տարածքում, ուստի կուզենար իր բազաներն ունենալ: Վստահեցնում եմ ձեզ, եթե բազաներ լինեին նաեւ այլ երկրներում եւ նրանց ղեկավարությունները դեմ չլինեին՝ դրանց ներկայությունն էլ կերկարաձգվեր, Աստված գիտե՝ ինչքան ժամանակով, տեսեք, թե ինչ կատարվեց Ուկրաինայի դեպքում: Առավել եւս՝ Կովկասը, որտեղ Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի Վրաստանի հետ, այսպիսի ռազմական ներկայությունն ապահովելը ամենեւին էլ վատ չէր լինի: Եւ այս պարագայում չպետք է մոռանալ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ուստի ես այստեղ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, ընդհակառակը՝ եթե Ռուսաստանը չերկարաձգեր այդ պայմանագիրը՝ դա արդեն արտառոց բան կլիներ:

Պարոն Մալաշենկո, համոզմունք կա, որ սա այն գինն է, որը Հայաստանը վճարում է ռուսաստանյան վարկի դիմաց, որը տրամադրվեց միջազգայն ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով, բացի այդ՝ նաեւ տեսակետ կա, թե ՌԴ իշխանությունները կասկածում են Հայաստանի իշխանական վերնախավի պրոռուսականությանը եւ այդ կերպ են ապահովում իրենց ազդեցությունը Հայաստանում:

Վաղուց է հայտնի՝ փող բազայի դիմաց  բանաձեւը, դա Կենտրոնական Ասիայի պարագայում եւս առկա էր, այստեղ եւս՝ ոչ ոք Ամերիկա չի հայտնաբերի, բացի այդ՝ յուրաքանչյուր հետխորհրդային պետություն առաջնորդվում է իր ազգային շահերով, իսկ տվյալ դեպքում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության տարածքում առկա իրավիճակը ստիպում է Հայաստանին ավելի մոտ լինել Ռուսաստանին: