Այսօր մենք մշակույթ եւ մշակութային գործիչներ չունենք. մեր օրերում «ամենալավը», որ կարող են մարդիկ տեսնել փողոցում քայլելիս, «ճպլներն» ու «հովոներն» են, օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավ հայտնեց գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանը։
Նա ափսոսանք հայտնեց, որ այսօրվա երիտասարդ սերունդն ապրում եւ դաստիարակվում է ցածր արժեքային համակարգով: «Այնինչ ես երեխա ժամանակ պարծենում էի, որ տեսել եմ փողոցի մյուս մայթով քայլող Վահրամ Փափազյանին։ Ես հպարտանում էի, որ ապրում եմ Երեւանում, նույն այն քաղաքում, ուր ապրում էին Հրաչյա Ներսիսյանը, Պարույր Սեւակն ու Շիրազը, իսկ այսօր... Այն մեկն էր իսկական Երեւանը, որ սկսում էր ժամը 6-ին, ոչ թե այս մեկը՝ իր Հյուսիսային պողոտայով եւ անճոռնի ճարտարապետությամբ»,- վրդովմունք հայտնեց գրողը։
Վերջում Սերգեյ Գալոյանը նշեց, որ բարքերը մեր օրերում շատ են փոխվել, նույնը չի մնացել ոչ մի բան. «Չես ուզի ապրել անգամ հայրական տանդ, եթե դրանից շան հոտ է գալիս։ Իսկ մեր երկրից, որ մեր հայրական տունն է, հենց այդ հոտն էլ գալիս է»։



























