Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճարտարապետական տեսքը չի խախտվելու եւ այնտեղ կազինո չի գործելու: Այս մասին այսօր`օգոստոսի 20-ին, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` համալիրի վաճառքը լուրջ եւ խոստումնալից գործարք է:
«Իմ տպավորությամբ համալիրի վաճառքի նպատակն է աչքի լույսի պես պահելով այն` դարձնել յուրաքանչյուրի համար հետաքրքիր վայր, նոր կյանք հաղորդել համալիրին եւ նոր շունչ մայրաքաղաքին»,-ասաց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ՄՀՀ-ում կազինո կառուցելու մասին որեւէ տեղեկատվություն չունի:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ-ին պատկանող Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվել է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը։




























