ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ճապոնիայի կառավարության նախագահ Սինձո Աբեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համաշխարհային ֆինանսական շուկայում առկա վիճակը, ինչպես նաեւ Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը: Այդ մասին օգոստոսի 26-ին մամուլի ասուլիսին հաղորդել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

Աբեն եւ Օբաման պայմանավորվել են սերտորեն համագործակցել համաշխարհային շուկաներում բաժնետոմսերի անկման հետ կապված, ինչպես նաեւ արտահայտել են իրենց հավանությունը Կորեական թերակղզում լարվածության թուլացման կապակցությամբ, ինչը ձեռք է բերվել Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բանակցությունների արդյունքում: Բացի այդ, Օբաման հույս է հայտնել Անդր-Խաղաղօվկիանոսյան գործընկերության վերաբերյալ պայմանագրի մոտալուտ կնքման, ինչպես նաեւ համաշխարհային խնդիրների լուծման նպատակով Ճապոնիայի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միաժամանակ, վարչապետ Աբեն մտահոգություն է հայտնել այն տեղեկության կապակցությամբ, թե ամերիկյան ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ քաղաքական գործիչներին: