Սնունդ արտադրող ամերիկյան Kraft ընկերությունը հետ է կանչում հնդկահավի մսից պատրաստված ավելի քան 900 տոննա ապուխտը` վախենալով, թե մթերքը փչացել է փաթեթավորման վրա նշված ժամկետից ավելի շուտ: 

ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության տվյալներով հնդկահավի մսից պատրաստված ապուխտի խմբաքանակը, որն արտադրվել էր մայիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում, պիտի հետ կանչվի խանութներից, որոնք փռված են  ԱՄՆ-ի ամբողջ տարածքով մեկ, ինչպես նաեւ Բահամյան կղզիներում եւ Սեն-Մարտեն կղզում:

Ընկերությունը որոշում է կայացրել վաճառքից հանել ապուխտի խմբաքանակը այն բանից հետո, երբ գնորդներից բողոքներ էր ստացել. գնորդները ապուխտն օգտագործելուց հետո թունավորման նշաններ էին զգացել, հաղորդում է  NBC New York հեռուստաալիքը: