Անտունության մակարդակը շարունակում է հետեւողականորեն աճել Լոս Անջելեսի շրջանում: Անցած երեք տարվա ընթացքում ավելի քան  10 հազար մարդ անտուն է դարձել, հայտարարում են Los Angeles Daily News-ում հրապարակված զեկույցի հեղինակները:

Մասնագետների գնահատականներով, Լոս Անջելեսի եւ նրա շրջակայքի մոտ 1 միլիոն բնակիչ 2002-ից 2010  թվերի ընթացքում անտուն է դարձել եւ օգնություն է  ստացել պետությունից: Հետազոտության կարծիքով, այդ միտումն աճում է մատչելի բնակտարածքի բացակայության եւ աշխատանքի շուկայում լճացման հետեւանքով:  Ոչ առեւտրական կազմակերպությունները այդպիսի մարդկանց սոցիալական աջակցություն  ապահովոող հաստատություններին առաջարկում են ավելի արդյունավետ աշխատել եւ ջանքեր գործադրել ոչ միայն սոցիալական ապահովության ոլորտում, այլեւ` կրթության, դատական համակարգի եւ անշարժ գործակալությունների աշխատանքի: 

Այս պահին մոտ 13 հազար մարդ անտուն է համարվում, նրանք ամսական նպաստ են ստանում, բայց ի վիճակի չեն իրենց համար կացարան ճարել: Նման օգնություն ստացողների կեսը անչափահասներ են, ընդ որում նրանց մեջ հսկայական թիվ են կազմում աֆրոամերիկացիները: