Ամառվա երեք ամիսների ընթացքում Բելգիայի Անտվերպեն նավահանգստի մաքսային ծառայությունը մոտ 1,6 տոննա կոկային է առգրավել: Ինչպես այսօր հաղորդել է Բելգա գործակալությունը, առգրավված անօրինական բեռի արժեքը սեւ շուկայում կազմում է մոտ  62 միլիոն եվրո:

Մաքսային ծառայությունում պարզել են, որ «ամենաբերքատու» ամիսը եղել է օգոստոսը, որի ընթացքում հնարավոր է եղել առգրավել 536 կիլոգրամ կոկային: Գործնականում այդքան էլ հայտնաբերվել է հուլիսին՝ 535 կիլոգրամ: Ամենահանգիստ ամիսը եղել  է հունիսը. առավելապես Լատինական Ամերիկայից ժամանող նավերի բեռնախցերում   486 կիլոգրամ թմրանյութ է հայտնաբերվել, նշել են տեսչությունում:

Կոկայինի հիմնական արտադրողներ են համարվում Կոլումբիան եւ Պերուն: Ամեն տարի այդ երկրները արտասահման են առաքում այդ թմրանյութի մոտ  290 տոննա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թմրանյութի առաքիչները ծայրահեղ միջոցների են դիմում՝ փորձելով թաքցնել անօրինական բեռը: Այսպես, այս տարվա մարտին Բրյուսելի մի բնակիչ ոստիկանությանն է դիմել՝  «Կինդեր-անակնկալ» շոկոլադային ձվում կոկային հայտնաբերելով:

Հուլիսի վերջին Բրաունշվեյգում (Ստորին Սաքսոնիայի դաշնային տարածք) գտնվող գերմանական սուպերմարկետներից մեկի աշխատակիցները  բանանների արկղում մի քանի խոշոր տուփ թմրանյութ էին հայտնաբերել:  

Այնուհետեւ կոկային էր հայտնաբերվել նույն առեւտրական ցանցի եւս հինգ սուպերմարկետում, որոնց անունը չի բացահայտվել: Բանաններով բոլոր արկղերը Գերմանիա էին հասցվել Հարավային Ասիայից: