Տարեսկզբից մինչեւ հիմա Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների թիվը գերազանցել է 350 հազարը: Այս մասին հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը:

Ժնեւում կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2015թ հունվարի 1-ից սեպտեմբերի 1 ժամանակահատվածում Եվրոպական մայրցամաք է ժամանել 351 314 մարդ: Նրանց հիմնական մասը բաժին է ընկնում Հունաստանին՝ 218 172 մարդ: Հաջորդ տեղում Իտալիան է՝ 114 276 մարդ, Իսպանիան՝ 2166 մարդ եւ Մալթան՝94մարդ:

Հունաստան ժամանածների հիմնական մասը   սիրիացիներ են՝  ավելի քան 88 հազար եւ աֆղանցիներ՝ մոտավորապես 32.5 հազար: Իտալիայում մեծ մասը էրիտրեյցիներ են՝ ավելի քան 25.5 հազար ու նիգերիացիներ՝ մոտավորապես 12 հազար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպա հասնելու փորձերի հետեւանքով տարեսկզբից մինչեւ հիմա  Միջերկրական ծովում 2643 մարդ է զոհվել:

ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամը տարածել է տվյալներ , որոնց համաձայն վերջին մի քանի ամիսներին Եվրոպայում ապաստան փնտրողների շարքերում ավելացել է կանանց և երեխաների թիվը: Մակեդոնիա ժամանածների մեկ երրորդը կանայք են և երեխաներ: