Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները գրավել են Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը եւ պահանջում են նախարար Մուհամմեդ Ալ Մաշնուկի հրաժարականը։ Ցուցարարները հայտարարել են, որ չեն լքի շենքը, մինչեւ նախարարը չթողնի իր պաշտոնը, գրում է ՏԱՍՍ-ը։
Լիբանանի հասարակությունը հենց այս նախարարին է մեղադրում երկրում «աղբահանության ճգնաժամ» ստեղծելու մեջ։ Ճգնաժամը շարունակվում է հուլիսի 13-ից, երբ բնապահպանների պահանջով փակվել էր Նաամայի ամբարտակը, ուր լցնում էին կենցաղային աղբը։ Դրա պատճառով երկիրը հայտնվել է էկոլոգիական աղետի շեմին, ինչի պատճառով զանգվածային ցույցեր են ընթանում։
Ակտիվիստները քաղաքի կենտրոնում նոր ցույցի են պատրաստվում։ Նախարար Ալ Մաշնուկը գտնվում է իր աշխատասենյակում եւ հրաժարվում է ընդառաջ գնալ ցուցարարների պահանջներին։ «Ես շարունակում եմ կատարել իմ պարտավորությունները»,- հայտարարել է նա OTV հեռուստատեսությանը։
Ալ Մաշնուկի հրաժարականը 72-ժամյա վերջնագրի առաջին կետն է, որը ցուցարարները ներկայացրել էին իշխանություններին։ Նրանք պահանջում են դատի տալ ՆԳ նախարար Նուհադ ալ Մաշնուկին եւ խաղաղ ցույցը ցրած բոլոր պատասխանատուներին։





























