Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներից Տիգրան Խաչատրյանին, որը մի շարք ակտիվիստների հետ փորձել է ճեղքել ոստիկանական պատը և մոտենալ նախագահական նստավայրին,  քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել: Բերման ենթարկվածի եղբայրը լրագրողներին ասաց, որ Տիգանն անչափահաս է` 17 տարեկան։

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ 20։20–ին բոլոր բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներն այս պահին հրելով ոստիկանական պատը՝ փորձում են անցնել Բաղրամյան 26-ի մայթ, իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանների հետ բախումների ժամանակ բերման էր ենթարկել հինգ ակտիվիստ։ Ցուցարարները հայտարարել են, որ եթե նրանք անհապաղ ազատ չարձակվեն, իրենք կփակեն Բաղրամյան պողոտան։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը  հայտարարել է` այսօրվանից վերսկսում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քանի որ իրենց նախկին պահանջները չեն կատարվել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am