Ոստիկանությունն այսօր` սեպտեմբերի 1–ին, 20։00–ի սահմաններում. Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանին և ևս 3 ակտիվիստի: NEWS.am-ի հետ զրույցում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Հանրապետության հրապարակում անհնազանդության գործողությունների ժամանակ, երբ ակտիվիստները փորձել են փակել հրապարակի հարակից փողոցները, ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստներին:

«Մենք ամեն կերպ փորձում ենք ոստիկաններին լարված պահել, այսօր էլ անհնազանդության ակցիաներ էինք անում, և ոստիկանությունը Դավիթ Հովհաննիսյանին և ևս 3 ակտիվիստի բերման ենթարկեց: Այս պահին չգիտենք, թե երբ նրանց բաց կթողնեն, սպասում ենք»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայից ավելի վաղ բերման ենթարկված «Ոչ թալանին» շարժման 6 անդամներն արդեն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։