Արմավիրի մարզի Արագավանդ գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի, 21-ամյա Ռոման Խուդոյանը, որը  մեղադրվում է անչափահասի հետ ամուսնանալու եւ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով 4 տարվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չկիրառվեց, նրա նկատմամբ նշանակվեց 2 տարվա փորձաշրջան, խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, մնաց անփոփոխ:

Պատիժ նշանակելիս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաշվի առավ ամբաստանյալ Ռոման Խուդոյանի կատարած հանցանքը մեղմացնող մի շարք հանգամանքներ, մասնավորապես, փաստերը, որ ամբաստանյալ Ռոման Խուդոյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն, բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված չի եղել:

Որպես մեղմացուցիչ հանգամանք դիտվեց ամբաստանյալի՝ տուժող Գոհար Սաֆարյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ լինելը եւ տուժողի մոտ 30-31 շաբաթական հղիությունը, նաեւ այն, որ Գոհար Սաֆարյանը գտնվում է ամբաստանյալի խնամքի տակ:

Դատարանը հաշվի առավ նաեւ այն, որ Ռոման Խուդոյանը ֆիզիկապես վատառողջ է, ինչի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից:

Դատավոր Հրաչիկ Սարգսյանի համար, կարծես, ամենամեղմացուցիչ հանգամանքն այն էր, որ ամբաստանյալ Ռոման Խուդոյանն ու տուժող Գոհար Սաֆարյանն ամուսիններ են և սիրում են միմյանց: Դատարանը ամբաստանյալի նկատմամբ  ազատազրկման հետ կապ չունեցող մեղմ պատիժ նշանակեց՝ նորաստեղծ ընտանիքը չքայքայելու համար։

Դատավորը Ռոման Խուդոյանին խորհուրդ տվեց «գնալ, մոմ վառել», որ դատախազը նման պատիժ է իր համար պահանջել:

NEWS.am-ի հետ զրույցում Ռոման Խուդոյանը նշեց, որ գոհ է դատավճռից, քանի որ ինչպես հարցաքննության ժամանակ, այնպես էլ վերջին խոսքի իրավունքից օգտվելիս խնդրել էր՝ «մեղմ վարվեք, մի քայքայեք ընտանիքս, թողեք վայելեմ»:

Նորաստեղծ ընտանիքը դատարանից գոհ հեռացավ:

Նշենք, որ Ռոման Խուդոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 21 տարին լրացած անձ, 10-11-2014թ. ամուսնացել է ակնհայտ 16տարին չլրացած 15-05-1999թ. ծնված անչափահաս` Գոհար Ազատի Սաֆարյանի հետ և 11-11-2014թ-ից սկսած նրա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն։ Այսինքն` Ռոման Ռազոյի Խուդոյանը կատարել է հանցավոր արարք նախատեսված ՀՀ քր.օրի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: